Իրաքը ռազմական օդանավեր է գնել Ռուսաստանից

Ռուսական արտադրության ՄիԳ-29 ռազմական օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Իրաքի իշխանությունները, չսպասելով Միացյալ Նահանգների խոստացած F -16 օդանավերին, Ռուսաստանից ու Բելառուսից նոր ռազմական օդանավեր են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին։

Վարչապետն ասել է, որ իրենք երկար են սպասել ԱՄՆ-ի խոստացած 36 օդանավերին ու հիմա որոշել են դրանք ձեռք բերել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։

«Եթե հենց սկզբում այդ օդանավերը մենք ունենայինք, ահաբեկչական հարձակումներ չէին լինի», - ասել է Իրաքի կառավարության ղեկավարը։

Նուրի ալ-Մալիքին չի հստակեցրել, թե հատկապես ինչ օդանավեր են ձեռք բերել Ռուսաստանից: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բաղդադը հետաքրքրված է հատկապես Սու և ՄիԳ ինքնաթիռներով։

Օրեր առաջ Պենտագոնը հայտարարել էր, որ այս աշնանը կկատարի Իրաքին տված իր խոստումը, իսկ առաջիկա շաբաթներին Բաղդադը կստանա միայն Hellfire հրթիռներ։