Ուրբաթ օրը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի բարձրաստիճան ղեկավարները եվրոպական ինտեգրման մայրաքաղաք Բրյուսելում ստորագրում են հիրավի պատմական նշանակության փաստաթղթեր, որոնք հանդիսանում են կարևոր քայլ երեք երկրների և Եվրամիության մերձեցման ուղղությամբ, քայլ, որից Հայաստանն անցած տարվա սեպտեմբերի 3-ին հրաժարվեց։
Ուկրաինան կստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, քանի որ Ասոցացման պայմանագիրն արդեն կնքել է այս տարվա մարտի 21-ին։ Մոլդովան ու Վրաստանը կստորագրեն Ասոցացման պայմանագրերը։
Երեք երկրներն էլ ներգրավված են Արևելյան գործընկերության ծրագրում, որի մնացած անդամներից Բելառուսը Եվրասիական միության անդամ է, Հայաստանը ջանքեր է գործադրում անդամակցելու ուղղությամբ, իսկ Ադրբեջանը գերադասում է չեզոք մնալ։
Այսօրվա ստորագրումը տեղի է ունենում Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը ծայրաստիճան սրելու Ռուսաստանի քաղաքականության համատեքստում։
Եվրոպական միությունը ծրագրում էր պայմանագրերը ստորագրել այս տարեվերջին` այն բանից հետո, երբ Մոլդովան և Վրաստանը դրանք նախաստորագրեցին 2014-ի նոյեմբերին Վիլնյուսում, սակայն Բրյուսելը բուն ստորագրումը որոշեց ավելի վաղ կազմակերպել՝ հաշվի առնելով Մոսկվայի քայքայիչ գործողությունները։
«Ամեն ինչ արագացավ, քանի որ ռուսները լարվածություն ստեղծեցին։ Մոլդովան և Վրաստանը ցանկանում էին խուսափել վիլնյուսյան սցենարից, երբ ռուսները գագաթնաժողովին նախորդող ամիսների ընթացքում սկսեցին ամեն ինչ խառնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ամանդա Փոլը։
Ի՞նչ են շահում երեք երկրները։ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը միանում են 500 միլիոն բնակչությամբ Եվրամիության շուկային։ Առաջին տարիների ընթացքում Եվրամիության ներկրման սակագներն աստիճանաբար կիջեցվեն։ Եվրամիությունը շուկան կբացի ուկրաինական արտադրության համար 7 տարում, իսկ Ուկրաինան եվրոպական ապրանքների համար` 10 տարում։ Առավել խիստ եղանակով կազատականացվի պարենի վաճառքը։
«Ուկրաինական ցանկացած ընկերություն, որը կուզենա իր պարենն արտահանել Եվրոպա, պարտավոր կլինի արտադրանքը հասցնել պահանջված չափանիշների, այդպես նրանք կկարողանան պարենն արտահանել Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա` առանց բյուրոկրատական քաշքշուկի», - ասել է Ուկրաինայում գերմանական խորհրդատվական ընկերության ղեկավար Ռիկարդո Գուչչին։
Երեք երկրները կարող են նաև ազատ առևտրի եղանակով աշխատել Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն էլ է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։
Մոսկվան, իհարկե, ունի ազդեցության լծակներ` տնտեսական սահմանափակումներ և գազ, դրանք բավական հզոր զենք են հատկապես Ուկրաինայի և Մոլդովայի հարցում, քանի որ Վրաստանը 2008-ից սահմանափակել է առևտուրը Ռուսաստանի հետ, իսկ գազն Ադրբեջանից է ստանում։ Ռուսները կարող են բորբոքել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Գագաուզիայի հարցերը:
Այնուամենայնիվ, Կիևում, Քիշնևում և Թբիլիսիում պնդում են, որ չնայած դրան՝ միևնույն է, չեն հրաժարվի եվրաինտեգրման քաղաքականությունից։