Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում ներկա է գտնվել և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։
Նալբանդյանը հույս է հայտնել, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի թվիթերյան գրառման համաձայն՝ Նալբանդյանը Բրյուսելի հանդիպման շրջանակներում զրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: