Վաղաժամկետ ազատման խնդիրները՝ դիտորդների ուշադրության կենտրոնում

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպանների գնահատմամբ, պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը «կարգավորվում» են կոռուպցիոն ռիսկերով:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն այսօր ներկայացրին պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները:

Պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով ներկայացված հայտերի և դրանց քննարկման հետևանքների վիճակագրությանն անդրադառնալով՝ դիտորդական խմբի ներկայացուցիչ Անի Վարդանյանն ասաց, որ վերջին տարիներին «դիմումները շատանում են, վաղաժամկետ ազատվողների թիվը՝ նվազում»։

«2011 թվականի ընթացքում 5261 դատապարտյալ է դիմել քրեակատարողական վարչակազմին վաղաժամկետ ազատման համար։ Երբ արդեն ներկայացվել են դատարան, ազատվել են 291-ը։ 2013 թվականի ընթացքում ներկայացվել է 5468 դիմում, դատարանի որոշմամբ ազատվել է 261-ը»,- ասաց Վարդանյանը։

Միջին հաշվով տարեկան պայմանական վաղաժամկետ ազատվում է հայտ ներկայացրածների 5-6 տոկոսը:

Անկախ համարվող հանձնաժողովների նիստին մասնակցելու իր փորձը փոխանցեց դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը՝ նշելով, որ այդ նիստերը ձևական են.- «Դատապարտյալը ներկայանում է հանձնաժողովին, հրապարակվում է բնութագիր, ըստ էության, բնութագրերը մեկ մյուսից տարբերվում են միայն անուն-ազգանունով և նրանց կրած տույժերով։ Հանձնաժողովի հետ յուրաքանչյուր դատապարտյալի հանդիպումը տևում է 1-2 րոպե»։

Ըստ Զալյանի, քրեական հոդվածներ կան, որոնց դեպքում քրեակատարողական հիմնարկների վարչակազմը միանգամից է մերժում հայտերը, մոտ 10 հոդվածի մասին է խոսքը: Կալանավայրերում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամների գնահատմամբ, դա խտրականության տիպիկ արտահայտություն է:

Դիտորդները ներկայացրին քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը ևս: 2014 թվականի մարտի դրությամբ կալանավորները քրեակատարողական հիմնարկների նախատեսած տեղերից ավելին են։

Հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը դատապարտյալների հուզող խնդիրներից առանձնացրեց բուժօգնության հետ կապված հարցերը.- «Երբ դատապարտյալների թիվը ավելի մեծ է, քան նախատեսվում է, բուժանձնակազմը չի հասցնում սպասարկել։ Մյուս խնդիրը, օրինակ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արդեն երրորդ տարին է բժիշկ չկա, չեն կարողանում որևէ մեկին, որ կհամաձայնի աշխատել»։

Հատուկ անդրադարձ եղավ Գորիսի բանտին, այստեղ մարդկային պայմաններ չկան.- «Պատկերացրեք, եթե խցում սպիտակ թուղթ կախեք, մի շաբաթից հետո դեղնում է, մարդկանց մասին էլ որևէ բան ասել պետք չէ»։

Բանտարկյալների իրավունքների խախտումների մասին նշումներ կան միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներում: Միացյալ Նահանգների պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում նշված է պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված մտահոգությունը:

Ըստ զեկույցի, «Փաստաբանների պալատը, որը երկրի փաստաբանների միությունն է, բողոքում էր, որ հանձնաժողովները չունեն որոշումների ընդունման չափորոշիչներ, և հանձնաժողովների կազմից ետ է կանչել իր ներկայացուցիչներին: Բողոքարկման մեխանիզմների բացակայությունը և նաև հանձնաժողովների կազմում իրավապահ կառույցների ներկայացուցիչների ներկայացվածության բարձր աստիճանը շարունակում էին հանդիսանալ պատշաճ իրավական ընթացակարգերի խոչընդոտ»:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում նաև զետեղված են նախկին բանտարկյալների հավաստիացումները, որ վաղաժամկետ ազատ արձակման համար բանտարկյալները պետք է նշանակալի կաշառք տային: Այս պնդումները Հելսինկյան ասոցիացիան է ներկայացրել պետդեպարտամենտ: