Ալիևին զայրացրել է Ադրբեջանում ընտրությունները կեղծելու մասին հարցը

Your browser doesn’t support HTML5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նաև պատասխանել է վեհաժողովի պատվիրակների հարցերին:

Իր ելույթից մի մեծ հատված Ալիևը նվիրել է Ղարաբաղի հակամարտության հարցին` ևս մեկ անգամ արտահայտելով իրենց տեսակետը հակամարտության լուծման վերաբերյալ և մեղադրելով Հայաստանի իշխանություններին ստատուս-քվոն պահպանելու ջանքերի համար:

Եվրոպացի պատգամավորները մոտ 1.5 ժամ Ալիևին հարցեր են ուղղել երկրում առկա տասնյակ քաղբանտարկյալների, խոսքի ազատության ճնշումների, ընտրությունների ընթացքում կեղծիքների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության և հետապնդումների մասին:

Ալիևը հերքել է քաղբանտարկյալների առկայությունն ու խոսքի ազատության ճնշումները Ադրբեջանում և զայրացել ընտրությունները կեղծելու մասին հարցից:

Ալիևի ելույթի ժամանակ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ դահլիճում ակցիա են անցկացրել. նրանք կրել են քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ, փակել են իրենց բերանը սև ժապավեններով՝ ի նշան բողոքի: