Մոտ մեկ տարի առաջ Մարդակերտի զորամասերից մեկում մահացած 20-ամյա ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը արդեն մեկ ամիս է պայքարում է, որ իր որդու մահված գործով դատավարությունն անցկացվի Հայաստանում:
Մուրադյանը երեք անգամ դիմել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին, ում վարույթում է գտնվում գործը, սակայն որևէ պատասխանի չի արժանացել. - «Ինքը հենց դատավոր Ա. Մնացականյանը առ այսօր ոտնահարելով իմ սահմանադրական իրավունքները, չի պատասխանել իմ նամակներին: Այնինչ ինքը ուղարկում է ծանուցագրեր և ինձ պարտադրում է, որ ես դատական նիստերին մասնակցեմ Ստեփանակերտում»:
Մուրադյանը պատասխան չի ստացել ոչ միայն դատավորից, այլև այն բոլոր պատկան մարմիններից, ուր դիմել է. - «Առ այսօր ոչ մեկը չի միջամտել, որ գործը տեղափոխվի Հայաստանի Հանրապետության տարածք: Իսկ ես ի վիճակի չեմ ֆիզիկապես և բարոյապես 7-8 ժամ ճանապարհ գնամ և առողջ մտածելակերպով մասնակցեմ դատաքննությանը»:
Դատական դեպարտամենտը առայժմ չի մեկնաբանում այս խնդիրը:
Դատական առաջին նիստը Ստեփանակերտում նշանակված է վաղը, սակայն մահացած զինվորի հայրը չի պատրաստվում մասնակցել դրան. - «Ոտնահարվել է որդուս ապրելու իրավունքը, և այսօր էլ փորձում են ոտնահարել իմ սահմանադրական իրավունքները: Ես բացահայտ հայտարարում եմ, որ ես չեմ մասնակցելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին, նստավայրը` քաղաք Ստեփանակերտ: Կգնամ ամենածայրահեղ քայլերին` կդիմեմ նստացույցի և կհայտարարեմ հացադուլ»:
Հայրը չի հավատում, թե իր որդին ինքնասպան է եղել, ինչպես պնդում է նախաքննական մարմինը. - «Նրան սպանել են և հիմա փորձում են կոծկել գործը»:
Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ դատավարությունը Ղարաբաղում նշանակելը հետապնդում է գործը ձգձգելու նպատակ ու մաս է կազմում կոծկման գործընթացին:
Փաստաբանը փոխանցեց, որ պաշտոնական վարկածով երիտասարդն ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով, մինչդեռ նրա զինվորական գրքույկում բոլորովին այլ տեսակի զենք է նշված. - «Քանի որ ամբողջ գործը, ցանկացած էջ եթե դուք բացեք, սուտ ու կեղծիք է, նրանք այս կերպ արհեստականորեն ուզում են խոչընդոտել իրական սպանության բացահայտմանը և նախաքննական մարմնի կողմից կատարված հանցագործությունների բացահայտմանը: Եթե մենք ամբողջ գիշերը չենք քնում, գնում ենք հասնում ենք Ստեփանակերտ մոտավորապես 8 ժամ հետո, մենք չենք կարող արդեն պայքարել մեր իրավունքների համար: Նման պայմաններում չի կարող արդար դատաքննություն տեղի ունենալ: Կորչում է հենց արդարադատության իմաստը»: