Նախագահը ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:

Նախագահը և Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:

Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին: