Վաղը վարչապետը կմեկնի Լեռնային Ղարաբաղ

Վաղը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Հայաստանի ու Ղարաբաղի կառավարությունների անդամները ընդլայնված կազմով կքննարկեն նաև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր ու ծրագրեր:

Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության նախարարները, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, Ֆինանսների նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: