Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը:

Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան:

Սերժ Սարգսյանը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Նախագահն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին: