Վարչապետը նոր Կառավարության աջակցությունն է խոստանում ՏՏ ոլորտին

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումի ժամանակ, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։