Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու որոշումը բեկանվել է

Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը բեկանել է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարաձգելու մասին որոշումը։ Այդ մասին այսօր տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Մոսկվայի դատարանի նախագահությունը խախտումներ է հայտնաբերել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի 2013 թվականի դեկտեմբերի որոշման մեջ և գործն ուղարկել նոր քննության։

Դեկտեմբերին կայացված որոշումից հետո Հրաչյա Հարությունյանի կալանքը պարբերաբար երկարաձգվում էր։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղսագրվում է երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան: Ավելի ուշ նա մեղադրվեց նաև կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ։

Անցած տարվա հուլիսի 13-ին Հարությունյանի վարած բեռնատարի՝ ավտոբուսին բախվելու հետևանքով 18 մարդ զոհվեց, շուրջ 60-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան: