Հարձակում Անգլիայի երկրպագուների վրա, կան վիրավորներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ տեղի է ունեցել հարձակում Անգլիայի հավաքականի երկրպագուների վրա։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ տեղացի մի խումբ խուլիգաններ ներխուժել են բար, որտեղ նստած են եղել Անգլիայի երկրպագուներ, և «Մոլոտովի կոկտեյլներ», այլ շշեր են շպրտել ու հրավառության համար նախատեսված հրթիռներ արձակել նրանց ուղղությամբ։

Հարձակման ենթարկվածներից տասը տեղափոխվել են հիվանդանոց, տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ խուլիգաններից մի քանիսը բերման են ենթարկվել։

Հիշեցնենք, որ Սան Պաուլոյում երեկ կայացած հանդիպմանը Անգլիան 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվային և զրկվեց աշխարհի առաջնության հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: