Հետաքննություն՝ Հայկ Կյուրեղյանին ոստիկանությունում ծեծելու կապակցությամբ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկին Կենտրոնի դատարանի առջև ի նշան բողոքի կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին մարմնական վնասվածքներ պատճառելու առնչությամբ ոստիկանության Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ մեր հարցերին ի պատասխան հստակեցնելով, որ ոստիկանությունը հունիսի 12-ից ձերբակալված Կյուրեղյանի մարմնական վնասվածքների մասին իրազեկումը ստացել է հունիսի 16-ին, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է հունիսի 17-ին:

Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով: Նրան երեկ Նուբարաշենի մեկուսարանում տեսակցել են Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները: Դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Հայկ Կյուրեղյանը դիտորդական այս խմբի անդամներին ևս ասել է, որ իրեն ծեծել են ոստիկանությունում:

«Իր մարմնական վնասվածքների վերաբերյալ գրառումը կատարվել է գրանցման մատյանում, քրեակատարողական հիմնարկում», - նշեց նա՝ ու հավելեց, որ իր պրակտիկայից դատելով նման դեպքերում քննությունը կարող է երկարաձգվել, իսկ վերջում կա՛մ կարճվում է, կա՛մ փակվում է գործը:

Ըստ Ռուբեն Սարգսյանի, ազատազրկված անձին խոշտանգած ոստիկանները կպատժվեն, եթե հանրային ճնշում լինի՝ որովհետև շատ հեշտ է կարճել այն գործը, որի մասին քիչ մարդ գիտի, և շատ դժվար է կարճել այն գործը, որը հանրային հնչեղություն է ստանում:

Ավելի վաղ ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն էին տեսակցել Հայկ Կյուրեղյանին: 2 օր առաջ նրանք նույնպես փոխանցել էին 31-ամյա Հայկ Կյուրեղյանի պնդումները, ըստ որոնց ոստիկաններն իրեն ծեծել են Կենտրոնի բաժնում:

«Այս գործով նյութերի նախապատրաստությունը իրավունք չունի իրականացնել ոստիկանությունը, քանի որ ընդհանրապես խոշտանգման բոլոր գործերով պետությունն ունի պարտավորություն, որպեսզի անկախ և անկողմնակալ մարմնի կողմից քննվի: Տվյալ դեպքում անկախ, անկողմնակալ մարմինը կարող էր լինել Հատուկ քննչական ծառայությունը», - ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կասկածի տակ դնելով անկողմնակալ քննության հնարավորությունը ու հավելում․ - «Նաև տարօրինակ է, որ այսքան ուշացումով են սկսել նյութ նախապատրաստել և ընդհանրապես նյութի նախապատրաստություն չպիտի էլ լիներ, միանգամից պետք է հարուցվեր քրեական գործ, որովհետև փաստացի նույն մարմնական վնասվածքներ է, և այդ մարմնական վնասվածքների մասին դեռ օրեր առաջ դիտորդները հայտնել են»:

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նաև, որ Հայկ Կյուրեղյանը գրավոր դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ իրեն ծեծած ոստիկաններին պատժելու պահանջով: