Մանրադրամներ՝ Ազգային ժողովի մուտքի առջև

Կուտակայինում առաջարկվող փոփոխությունների դեմ երեկվա բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց

«Անկուշտ հարուստը, աղքատներից ամենաաղքատն է», «Ե՞րբ եք կշտանալու»՝ այս և նմանատիպ բովանդակությամբ այլ պաստառներով «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները այս պահին կրկին Ազգային Ժողովի շենքի մոտ են։

Խորհրդարանում այսօր քննարկվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը։

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներին ուղղված «Ամո՛թ» վանկարկումները այսօր էլ չեն դադարում, ցուցարարները նաև մանրադրամներ են նետում խորհրդարանի շենքի դարպասի առջև՝ նրանց հորդորելով «կշտանալ այս փողերով»։

Շենքից դուրս եկող հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար անհասկանալի էր, թե ինչու են իրենց ամոթանք տալիս։ «Ես էլ եմ կուտակայինի տուժողներից», - ասաց պատգամավորը։

Իսկ հարցին, թե դե՞մ է այս օրենքին, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեմ չէ, թեպետ օրենք էլ դեռ չկա։

Մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանին ցուցարարները դիմավորեցին «Փող ենք հավաքում ձեզ համար» վանկարկումներով, ինչին նա հակադարձեց․ - «Ասեք ինչքան փող է ձեզ պետք՝ ես կտամ»։

Հարցին էլ՝ դե՞մ է քվեարկելու նախագծին, Մովսիսյանը պատասխանեց. - «Ինչ կուզեմ, էդ էլ կանեմ»։


Անուշ Մկրտչյան

Մանրամասները՝ քիչ անց: