Ջավախքում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը

Թբիլիսի -- ՏԻՄ ընտրություններ, 15-ը հունիսի, 2014

Կիրակի օրը Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է։

Այժմ հաշվարկվել է ձայների ավելի քան 95 տոկոսը, սակայն արդեն իսկ պարզ է, որ Վրաստանի 12 խոշոր քաղաքներից 8-ում, այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները թեև առաջատար են այդ քաղաքներում, սակայն չեն կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը, ուստի քաղաքապետերին կորոշեն երկրորդ փուլի արդյունքները:

Ինչպես այսօր հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամարա Ժվանիան, ընդհանուր առմամբ երկրորդ փուլ կանցկացվի 59 շրջաններից՝ 18-ում:

Նախնական տվյալներով` առաջին փուլով «Վրացական երազանք»-ի թեկնածուները հաղթում են Զուգդիդիում, Ախլցխայում, Ամբրոլաուրիում և Քութաիսիում:

Մայրաքաղաք Թբիլիսիում քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով առաջատար է իշխող կուսակցության թեկնածուն՝ Դավիդ Նարիմանիան՝ մոտ 46 տոկոսով, երկրորդ տեղը զբաղեցրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան՝ 28 տոկոսով: Ակնկալվում է, որ հուլիսի վերջին` ընտրությունների երկրորդ փուլում պայքարը հենց նրանց միջև է լինելու:

Վրաստանի հայաբնակ շրջաններում ավելի քան 450 դիտորդներով ընտրություններին հետևել է նաև «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքով` տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները անցել են խաղաղ և ավելի բարձր մակարդակով, քան նախորդ ընտրությունները Վրաստանում:

Հայաբնակ Ջավախքում` Ախլքալաքում, Ախլցխեում և Նինոծմինդայում ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, տեղական խորհուրդներում հիմնականում հայեր ներկայացված կլինեն:

Նույնը չի կարելի է ասել մայրաքաղաք Թբիլիսիի մասին, այստեղ քաղաքային խորհրդում որևէ հայ ներկայացված չի լինի, ինչպես և նախորդ ավագանիում էր:

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները, Առնոլդ Ստեփանյանի խոսքով, էականորեն տարբերվում են Ջավախքում անցկացված նախորդ բոլոր ընտրություններից նրանով, որ առաջին անգամ եղել է բաց մրցակցություն տարբեր կուսակցությունների միջև:

Ստեփանյանն ասում է` այս անգամ իրենք ընտրությունների ընթացքում 21 բողոք են ստացել, որոնցից 3-ն է միայն ընտրակեղծիքներին վերաբերել, մնացածը տեխնիկական բնույթի են եղել: Նրա խոսքով` ցավալի է, որ նման դեպքեր եղել են, սակայն նախորդ ընտրությունների հետ համեմատած վիճակը մի քանի անգամ ավելի լավ է. Օրինակ, նախորդ խորհրդարանական ընտրություններին իրենք հարյուրից ավելի բողոքներ են ստացել, որոնցից մի քանի տասնյակը եղել են ընտրակեղծիքների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի դիտորդները հայտարարել են արդեն, որ անցկացված ՏԻՄ ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներն: