Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողներն իրենց աշխատավարձն են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողների մեծամասնությունը՝ մոտ 200 հոգի, այսօր առավոտյան փակել էին գործարանի մուտքը։ Նրանք պահանջում էին վճարել այս տարվա մի քանի ամիսների աշխատավարձը։

Նախորդ տարվա դեկտեմբերից գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել։ «Ազատության» հետ զրույցում նրանցից մի քանիսն ասացին, թե իրենց պարբերաբար համոզում են, որ առաջիկա օրերին տալու են գումարը, վերջին անգամ խոստացել էին, որ հունիսի 15-ին կվճարեն, մինչդեռ գումար այդպես էլ չեն ստացել։

Այսօր գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին դարձյալ խոստումներ տվեց։ Նրանց վստահեցրեցին, թե առաջիկա երկու օրերին հարցում հստակեցում կմտցվի, աշխատողներն էլ դժգոհելով ու բողոքելով ուղևորվեցին Կոտայքի մարզպետարան։

Մարզպետ Արամ Հարությունյանի ընդունարանից բանվորներին փոխանցեցին, որ հանդիպումը կկազմակերպվի առաջիկա օրերին։ Ի դեպ, մինչև վերջերս գործարանը պատկանում էր գործարար Միխայել Բաղդասարովին։ Այժմ, սակայն, աշխատակիցները չգիտեն, թե գործարանն ումն է, իսկ Բաղդասարովին վերջին անգամ հեռուստացույցով են տեսել։

Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիտեդ» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործարանը արդեն մի քանի ամիս է իրենց ընկերությանը չի պատկանում։ Ըստ մեր աղբյուրների՝ գործարար Բաղդասարովը «Միկա Ցեմենտ»-ը ՎՏԲ բանկին է փոխանցել «Արմավիա» ավիաընկերության պարտքերի դիմաց։

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ, «Հետք» լրատվականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Արմավիա»-ի աշխատանքները դադարեցնելուց հետո Բաղդասարովը սկսել է վաճառել իր բիզնեսները։ Ամենաեկամտաբերներից էր թերևս բենզինի ներկրումը և բենզալցակայանները, որոնք Բաղդասարովը, ըստ Հետքի խմբագրի, վաճառել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը։

«Ըստ երևույթին, փակում է իր բոլոր բիզնեսները Հայաստանում, որովհետև «Արմավիա»-ն ձախողելուց հետո կարծում եմ, որ ինքը հաջողակ բիզնես չի կարողանում [վարել]»,- ասաց Բաղադասարյանը.- «Պատճառը ոչ պրոֆեսիոնալ բիզնեսմեն լինելն է, ընդհանրապես իր մոտ համակարգված չէր բիզնեսը, նույնիսկ տարբեր մարդիկ զարմանում էին, թե ինչպես է նա բիզնես արել այսքան տարի, որովհետև առանց թղթերի, բանավոր պայմանավորվածություններով էր բիզնես անում»։

«Ազատության» հետ զրույցում «Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովը հաստատեց, որ այժմ գործարանը ամբողջությամբ պատկանում է ՎՏԲ բանկին՝ ավելացնելով, որ հիմա բանկը վաճառում է գործարանը, բանակցություններ են տարվում գնորդի հետ, և միայն գործարանի վաճառքից հետո, երբ գործարանը գործարկվի, աշխատակիցների գումարները կվճարվեն։

Մուրադովը, ով համաձայնվեց խոսել առանց ձայնագրության, ասաց, որ իրենք էլ հույսով սպասում են աշխատավարձին։ Ի դեպ, թանկարժեք բջջային հեռախոս ունեցող և վարորդի ուղեկցությամբ ծառայողական մեքենայով շրջող Մուրադովը պնդեց, թե ինքն էլ աշխատավարձ չի ստանում և «մի կերպ» է ապրում»։

Բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցները մինչդեռ պնդում էին, որ գործարանը շարունակում է ցեմենտ վաճառել, սակայն իրենց այդպես էլ չեն վճարում։ Մուրադովը պնդեց, թե այդ գումարները շատ քիչ են և գնում են գործարանի վերանորոգմանը։

Աշխատողները ասացին, որ ղեկավարության կոչին կհետևեն և ևս երկու օր կսպասեն, իսկ եթե նորություն չլինի, ապա արդեն գործարանի ամբողջ աշխատակազմով գործադուլ կանեն։