Էթթինգերը հուսով է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվեն

Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթթինգերը հույս է հայտնել, որ գազի հարցով բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կվերսկսվեն հունիսի 14 ին:

Ակնկալվում է, որ բանակցություններին մասնակցելու են երկու երկրների էներգետիկայի նախարարներն ու գազային ընկերությունների ղեկավարները:

Էթթինգերը այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրում, ուր ժամանել է` մասնակցելու Եվրամիության էներգետիկայի նախարարների հավաքին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, մինչդեռ, այսօր հանձնարարել է «Նավթոգազ»-ի ղեկավարությանը անցում կատարել էներգետիկ ոլորտի գործունեության այն ծրագրին, որը նախատեսում է Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցում:

Յացենյուկը հայտարարել է, թե քանի որ Ռուսասատանը միակողմանի և դիտավորյալ կերպով հրաժարվում է այս հակամարտության կարգավորումից, տուժում է Ուկրաինայի և Եվրամիության էներգետիկ անվտանգությունը: