Հայաստանում վրդովմունքով են արձագանքում Կիսելյովի հայտարարություններին

Your browser doesn’t support HTML5

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը Կիսելյովի երևանյան այցից եզրակացրել է՝ հօդս ցնդեցին իշխանությունների և նույնիսկ որոշ ընդդիմադիր ուժերի հավաստիացումները, թե Եվրասիական միությունը միայն տնտեսական դաշինք է, և մշակութային, արժեքային հարցերում եվրոպացի ենք մնալու:

Կրեմլի խոսնակը, ըստ Պետրոսյանի, Երևանում բաց տեքստով ճիշտ հակառակն ասաց․ - «Ինքը եկել է, թելադրում է, թե քո տաքսիստը ինչ լեզվով պիտի խոսի: Ի դեպ, չեմ կարծում, որ ինքը այդքան հիմար է, որ այդպիսի հիմար բաներ է ասում: Դա ինչ-որ սիմվոլ էր, ինքը փաստորեն մեզ վիրավորեց և պարզ ցույց տվեց, որ Ռուսաստանի համար կարևոր է նաև, որ մենք մշակութապես Ռուսաստանի հետ լինենք: Եվ ինքը հենց խորհրդանշում է Ռուսաստանի վատ կողմը»:

Բայց այս ցնցող հայտարարությունը, ըստ Պետրոսյանի, կարող է և օգտակար լինել. երկրի առնվազն մտավոր հատվածը պետք է ընդզվի, ռուսները հավանաբար սխալ պատկերացումներ ունեն հայերի մասին, քանի որ միայն Հայկ Բաբուխանյան տեսակի հետ են շփվում․ - «Լավ էմ, որ այս նշանը եղավ, որ ցույց տվեց, թե մեզ ինչ է սպասում և մենք ինչին պետք է դիմադրենք: Եվ դա արդեն ոչ մի հաշվարկով չի կարելի զիջել: Եթե դու քո անկախ որոշում կայացնելու, ազատ լինելու... եթե դու դա պետք է զիջեց, դա արդեն վերջն է»:

Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի շարունակությունն է համարում ռուս լրագրողի խոսքերը․ - «Նույնիսկ ԵվրԱզԷՍ-ի համատեքստի մեջ Բելառուսը, Ղազախստանը լուրջ առևտուր են անում Ռուսաստանի հետ, և որևէ մեկը չի համարձակվում գնալ նրանց պառլամենտ և թելադրել, թե ինչ լեզվով պետք է կատարվի ուսուցումը կամ ինչ վալյուտայով պետք է կատարվի առևտուրը: Դեռ ավելին` իրենք են թելադրդում իրենց պայմանները»:

Տաքսիստի օրինակը, Սեդրակյանի բնորոշմամբ, անտաղանդ հնարք էր, լուսանկարը կա` Կիսելյովն ամերիկյան «Համեր»-ով է շրջել Երևանում: Բացի այդ, աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկները կարող ենլեզվական խնդիր ունենալ:

«Հերմինե Նաղդալյանը պետք է հիշեցներ, որ մենք Սահմանադրություն, «Լեզվի մասին» օրենք ունենք», - նշեց Սեդրակյանը: - «Յուրաքանչյուր իմպերիա պետք է փորձի նվաճել ավելի փոքր ժողովրդին: Ուրիշ բան է, որ դու ոչ միայն դրան չես դիմադրում, այլ հաճույքով, գրկաբաց ընդունում ես այդ ստրկացման միտումները»:

Մայդանի համերաշխության կոմիտեի անդամ Գայանե Առուստամյանի համար զարմանալի չեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությունները, բայց ցավալի է, որ արժանի պատասխան չի հնչել․ - «Խորհրդարանում, այդ ակումբային, այդ ռուսական էքսպանսիային նպաստող այդ սատրապներն ու վասալները ուղղակի լուռ համաձայնությամբ կամ կրավորական առարկություններով իրականում հաստատում են այն բռնակցման գործընթացը, որը տեղի է ունենում»:

«Այդպես էլ մեկը չհարցրեց՝ ի՞նչ է նշանակում ռուսերենը երկրորդ պլան է մղվում, ո՞վ է ասել, որ պետք է առաջին տեղում լիներ», - հարցնում է Առուստամյանը՝ շեշտելով, թե «ռուսական քարոզչամեքենայի դեսպանին, ծառային ու ծախու գրչակին» պետք էր հարցնել՝ քանի հայկական դպրոց կա բազմամիլիոնանոց Ռուսաստանում:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ Կիսելյովը գիտակցաբար է շեշտը լեզվի վրա դրել․ - «Դուք իրավունք ունեք մեզնից պահանջել, եթե դուք լինեք ռուս: Օրինակ, ուդմուրտները կարծես թե այլ էթնոս են, բայց հիմնականում ռուսախոս են և ռուս են այն առումով, որ այդ ընդհանրության մի մաս են: Պետք է լինենք Ռուսաստանի այդ փոքր ժողովուրդների վիճակի երևույթ, և այն ժամանակ գուցեև զբաղվեն մեր անվտանգությամբ»:

Հովհաննիսյանը տարակուսած է՝ ռուս լրագրողին ընդունեցին, ինչպես պարսից շահին էին պատվում, անընդունելի է արևմտյան տասնյակ երկրների սև ցուցակում հայտնված գեբելսյան քարոզչամեքնեայի վերապրուկի հետ նույն սենյակում ներկա գտնվել․ - «Փորձեցին ինչ-որ բան պատասխանել իրեն: Բայց ասել` գիտեք, Դուք խեղաթյուրում եք, և մենք ռուսերենը չենք մոռացել... Ասենք թե մոռացել ենք, հետ՞ո ինչ: Պետությո՞ւն եք, թե՞ ոչ: Արդյո՞ք հայկական պետության արժեքը աշխարհում որոշվում է նրանով, թե մենք ռուսերենը մոռացել ենք, թե չենք մոռացել»:

Տիգրան Խզմալյանի խոսքով` բավական է տեսնել, որ ամենաարագ կործանվողը հայկական համայնքը Ռուաստանում է: Կինոռեժիսորն ասաց, որ Կրեմլի խոսնակի վերջին հորդորները միայն արհամարհանքի են արժանի․ - «Մեր վերջին խարիսխը, մեր վերջին փրկությունը և մեր գլխավոր առաջնահերթությունը լեզուն է: Եվ ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել: Կորցնելով լեզուն` մենք կորչում ենք որպես ազգ»: