Ավտոկայանատեղի գումարը չմուծելու համար հեռուստամեկնաբանի հաշիվը սառեցվել է

Your browser doesn’t support HTML5

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը մի քանի օր առաջ պարզել է, որ իր բանկային հաշիվը սառեցված է։ Այս մասին նրան բանկից են ասել` առանց պարզաբանման։

Բազմաթիվ զանգերից հետո Ղազարյանը պարզել է, որ պատճառը վճարովի ավտոկայանատեղի գումարը չվճարելու համար տուգանքն է, որի մասին ինքը ընդհանրապես տեղյակ չի եղել։

«Առ այսօր ինձ որևէ ծանուցում չի եկել, և եթե բանկից ես չիմանայի, ես երբեք չէի իմանա, որ ինչ-որ պետական մարմին որոշել է կալանք դնել իմ սեփականության վրա, աբսուրդը դա է»,- ասում է Ղազարյանը։

Անհայտ պատճառով անհայտ հանգամանքներում սառեցված հաշիվը ետ բերելու համար Պետրոս Ղազարյանը ստիպված մուծել է 10 հազար դրամ տուգանքը։ Մինչև այսօր, սակայն, փորձում է պարզել՝ ինչո՞ւ է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) առանց ծանուցագիր ուղարկելու սառեցրել իր հաշիվն, ընդ որում՝ ամբողջությամբ։

«Մեր քաղաքապետը թող մտածի այդ մասին, ինձ թալանում են, և նա փոխարենը պաշտպանի իր քաղաքացիների շահերը, նա «Փարկինգ սիթի»-ի շահերն է պաշտպանում, իրեն «Փարկինգ սիթի»-ն չի ընտրել, չնայած ես չգիտեմ, բայց մենք ենք Երևանի քաղաքացիները»։

Նման դատական գործերով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսպիսի պատմության մեջ է ընկնում տուգանված 10 վարորդներից 5-ը։ Փաստաբանը պնդում է, որ պատշաճ ծանուցում չի իրականացվում, և մարդիկ անտեղյակ են լինում սահմանված տուգանքներից։ Բացի այդ, ըստ Խաչատրյանի, խախտվում է մարդկանց սահմանադրական իրավունքը, քանի որ քաղաքացին դատական պաշտպանության իրավունք ունի, մինչդեռ այս տարվա սկզբից օրենքի փոփոխության հետևանքով ԴԱՀԿ ծառայությունը իրավունք տրվել տուգանել նաև վարչական մարմինների ցուցումով՝ առանց դատարանի որոշման։ Փաստաբանը պնդում է, որ հակաօրինական է նաև բանկերի կողմից հաշիվները ոչ թե սահմանված տուգանքի չափով, այլ ամբողջությամբ սառեցնելու փաստը։

«Բանկը՝ որպես չշահագրգռված կողմ, նույնիսկ կարող է 15 հազար դրամ խախտման համար լավագույն հաճախորդի մեկ միլիոն դրամն էլ արգելանքի տակ դնել, անտրամաբանական է»,- ասում է Խաչատրյանը։

ԴԱՀԿ ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բանկերին հաշիվը սառեցնելու մասին որոշումները ուղարկելիս նշում են, թե ինչքան գումարի չափով այն պետք է արգելափակվի, մինչդեռ գործնականում բանկերը հաշիվները սառեցնում են ամբողջությամբ։

Նման պատմության հետ կապված բանկերից մեկը հերքեց պնդումները, թե հաշիվները ամբողջությամբ կալանքի տակ են առնում, իսկ երբ այդ մասին կոնկրետ օրինակներ բերեցինք, հրաժարվեցին մեկնաբանել, ասացին՝ բանկային գաղտնիքներ չեն հրապարակում։ Քաղաքային իշխանությունները ևս պնդում են, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում, և բառացում են, որ ծանուցումը կարող է չհասնել հասցեատիրոջը։

Հինգշաբթի օրը վարորդների համար նախատեսված տուգանքների չափերը վերանայելու հարցով կառավարությունում խորհրդակցություն է եղել, առաջիկայում գործադիրը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ։