Նոր մանրամասներ փոխոստիկանապետի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով

Your browser doesn’t support HTML5

Հիշեցնենք, հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարության հետևանքով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից և մինչև օրս գտնվում է հիվանդանոցում: Հարևանները «Ազատության»-ը պատմել էին, որ բարձաստիճան պաշտոնյան իրենց առաջարկել է դանակահարության մեղքը բարդել անմեղ մարդու վրա՝ իր եղբորորդուն փրկելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Երևանի փոխոստիկանապետի հասցեին հրապարակավ հնչեցված մեղադրանքները հիմք չեն հանդիսանում, որպեսզի մինչև այսօր հարցաքննվեին փոխոստիկանապետն ու գործով վկաները, Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը արձագանքեց, թե Օսիպյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիմնա վրա այս պահին նյութեր են նախապատրաստվում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներից մեկում, սակայն, փաստաբան Լուսինե Սահակյանը նշել էր, որ մամուլի հրապարակումներից անմիջապես հետո պետք է քրեական գործ հարուցվեր. - «Ես գտնում եմ, որ պետք է անպայման հարուցվեր քրեական գործ: Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտած լինեմ: Բայց ես այստեղ տեսնում եմ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ: Բացի այն, որ սուտ մատնության դրդչության հատկանիշներ եմ ես այստեղ տեսնում, նաև պետք է քննարկվի, թե արդյո՞ք պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներ չկան: Որովհետև նյութերից մեկում այդ կինը նաև ասում էր, որ Վալերի Օսիպյանը հրավիրել է իր տղային վարչություն, այնուհետև տղայի հետ գնացել էր հիվանդանոց և այլն: Այսինքն այս ամենը պետք է քննվի»:

Մինչ պատկան ատյաններում գործն ուսւումնասիրվում է, վկա Սմբուլ Հովհաննիսյանը մանրամասներ է պատմում դեպքի վերաբերյալ: Սմբուլ Հովհաննիսյանը, ով պնդում է, թե Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և իր կրտսեր որդու ուսերին բարդել դանակահարությունը, այսօր «Ազատութան»-ն ասաց, որ դեպքի օրը Վալերի Օսիպյանն իր ավագ որդուն պարզապես զրուցելու նպատակով տարել է ոստիկանություն: Հարկ է նշել, որ սա մի գործողություն է, որը սովորաբար կատարում են քրեական գործը վարող քննիչները:

Օսիպյանը, մինչդեռ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր պնդումները, թե քաղաքացուն ապօրինի ոստիկանություն է տարել:

Տիկին Սմբուլն այսօր «Ազատության»-ը նոր մանրամասներ փոխանցեց: Մասնավորապես, պնդեց, թե Վալերի Օսիպյանը զբաղվում է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն թաղամասում գործող խանութում որպես սեփականատեր իր ստորագրությունն է թողնում: Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքը բարձրասռտիճան ոստիկանին արգելում է ստեղծագործական ու մանկավարժական գործունեությունից բացի, վարձատրվող այլ աշխատանքով զբաղվել:

Փոխոստիկանապետը այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, պնդեց ընդամենը, որ ինքը բիզնես չունի ու հավելեց. - «Ով ինչ ունի թող պատասխան տա: Առհասարակ խնդրում եմ ինձ հանգիստ թողնել, քննությունը թող ավարտվի, ով մեղավոր է, թող օրենքի առջև պատասխան տա: Ես աշխատանքի եմ, առայժմ ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել»: