Սարգսյանը Ֆիշերին ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման իր տեսլականը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ-ի հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն նախագահին օժանդակելու մեզ այս հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը ասել է, որ Ֆիշերի հետ քննարկել է ղարաբաղյան բանակցային գործընթացը.- «Վերահաստատեցի Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է»։

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար։

«Այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում»,- ասել է Հայաստանի նախագահը։