Ուկրաինայի պարտքի մարման նոր վերջնաժամկետը հունիսի 16-ն է

Your browser doesn’t support HTML5

«Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի առաջարկած գազի գնի զեղչից` 1000 խորանարդ մետրի համար վճարել 100 դոլարով պակաս», - այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նախարարների խորհդրի նիստին` հավելելով, թե դա ծուղակ է. - «Ռուսասատնը մեզ «զեղչ» է առաջարկել, ես ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք այդ ծուղակներին լավ ծանոթ ենք: Այդ զեղչը սահմանվում է Ռուսաստանի կառավարության կողմից, և յուրաքանչյուր պահի կարող է չեղյալ համարվել Ռուսաստանի կառավարության որոշմամբ»:

Յացենյուկը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը պնդում է` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիրը պետք է վերանայվի:

«Մեր առաջարկը եղել և մնում է նույնը: Մենք պահանջում ենք փոփոխել պայմանագիրը: Եթե գազը քաղաքական զենք է, ապա պարզ է, որ այդ քաղաքական զենքը Ռուսաստանի կառավարության ձեռքերում է: Իսկ եթե գազը ապրանք է, ինչպես ողջ աշխարհում, ապա մենք պետք է առևտուր անենք համաձայնագրի հիման վրա և ոչ թե այն բանի, թե Ռուսաստանին ուկարինական իշխանությունները դուր գալի՞ս են, թե՞ ոչ»:

Վիկտոր Յանուկովիչի իշխանությունից հեռացվելուց հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց գազի գնի զեղչը և 268 դոլարից գինը բարձրացրեց 485 դոլարի` 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը ներկայումս ռուսական գազի ամենաբարձր գինն է:

Ի պատասխան Կիևը մեղադրեց Ռուսաստանին տնտեսական շանտաժի և քաղաքական ճնշումների մեջ և հրաժարվեց այս պայմաններում աշխատել:

Բրյուսելում այսօր շարունակվում են մատակարարվող գազի գնի շուրջ երեկ երեկոյան վերսկսված եռակողմ բանակցությունները Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրամիության միջև: Առայժմ միայն մեկ բան է հայտնի, որ նախավճարի անցնելու վերջնաժամկետը Ռուսաստանը ևս մեկ անգամ հետաձգել է մինչև հունիսի 16-ը :

Մոսկվան պահանջում է Ուկրաինայից վճարել մոտ մեկուկես միլիարդ դոլարի պարտքը անցյալ տարվա նոյեմբեր - դեկտեմբեր ամիսների համար, բացի այդ «Գազպրոմ»-ը պահանջում է, որ ուկրաինական կողմը մասնակի վճարի այս տարվա ապրիլ- մայիսին սպառած գազի դիմաց` մոտ 500 միլիոն դոլար:

Ուկրաինայի ընդհանուր պարտքը, սակայն, ավելի մեծ է` «Գազպրոմ»-ի հաշվարկներով, այս տարվա հունիսի մեկի դրությամբ այն 4,5 միլիարդ դոլար է կազմում:

Կիևը համաձայն է վճարել պարտքը` պայմանով, որ այն հաշվարկվի շուկայական գնով` 286 դոլար հազար խորանարդ մետրի համար: Այլ առաջարկների ուկրաինական կողմը համաձայն չէ:

Եթե այս բանակցությունները արդյունք չտան, ապա ուկրաինական «Նաֆթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները կհանդիպեն միջազգային արբիտրաժային դատարանում: