Երևանում գիշերը 11 քաղաքացի է բերման ենթարկվել

Your browser doesn’t support HTML5

Անցած գիշեր մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնի ամենահին շինություններից մեկի՝ Աֆրիկյանների ակումբի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո երեք ժամ անցկացրին ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Տերյան 11 հասցեում գտնվող շենքը, որը 19-րդ դարի վերջին կառուցել են մեծահարուստ Աֆրիկյան եղբայրները: Այն ժամանակին ծառայել որպես հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար, իսկ խորհրդային տարիներին՝ նախ տրվել է Ազգային անվտանգության ծառայությանը, այնուհետև օգտագործվել է որպես բնակելի շենք: Ավելի ուշ շենքը բնակիչներից գնել է «Միլենիում Քընսթրաքշըն» ՍՊԸ-ն: Շենքի սեփականատերը մտադիր է ապամոնտաժել Աֆրիկյանների ակումբը և դրա տեղում հյուրանոց կառուցել, թեև այն ներառված է պատմամշակութային հուշարձանների և անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Նպատակ ունենալով փրկել պատմամշակութային հուշարձանը՝ երեկ երեկոյան մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Աֆրիկյանների ակումբի մոտ, ապամոնտաժել շենքը շրջապատող թիթեղյա պատնեշները: Երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները և չնայած քաղաքացիների դիմադրությանը՝ բերման ենթարկել նրանցից մեկին: Տեղի ունեցածից վրդովված քաղաքացիները երթով շարժվել էին դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ գտնվում էր Գևորգյանը: Ոստիկանության շենքի առջև բողոքի ակցիան լարված ընթացք է ստացել, ինչից հետո բերման են ենթարկվել ևս շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ:

Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներից առաջինը ազատ արձակվեց Վահագն Գևորգյանը՝ երեք ժամ ոստիկանությունում մնալուց հետո, գիշերը ժամը 2:10-ին:

«Մինչև երևի 11:40-ի կողմերը ինձ չէին ասում՝ ինչի համար են բերման ենթարկել, ու չէին ասում՝ բերման ենթարկված եմ, թե չէ, իրար վրա էին գցում արձանագրություն կազմելը: Այդպես, ինչ-որ երկար պրոցես էր, մինչև երեք ժամը լրացավ․․․», - ազատ արձակվելուց հետո «Ազատությանը» պատմեց Գևորգյանը:

Ոստիկանությունում երեք ժամ անցկացրած Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոստիկանները՝ «իրենք էլ չգիտեին՝ ինչու են բերել, բայց հետո մի բան սարքեցին, ասում են, որ դիտավորյալ գույքի վնասում․․․»:

Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո բերման ենթարկված քաղաքացիներին և ոստիկանության պաշտոնյաներին բաժնում հանդիպեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Շատ տարօրինակ պատմության ականատես եղանք՝ սկզբից տեղեկատվություն է, որ ակցիայի վայրից ըստ էության բերման է ենթարկվել մի հոգի, մյուսները բերման են ենթարկվել հենց էստեղից, այսինքն՝ տասը հոգի հենց էստեղ՝ ոստիկանության բաժանմունքի հարևանությունից բերման է ենթարկվել ուժի գործադրմամբ: Անհասկանալի է, թե ինչու են մարդկանց ուժով բերման ենթարկում ոստիկանության բաժնի մոտակայքից: Այսինքն՝ մարդկանց չեն մոտեցել ասել՝ «գիտեք, ոստիկանությունը ձեզ հետ հարց ունի պարզելու, հրավիրում ենք, ներս եկեք», ուղղակի թևերը ոլորել տանելը դա անհասկանալի գործելակերպ է», - ասաց պատգամավորը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ քաղաքացիներին բերման են ենթարկել «ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու» կասկածանքով, որի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:

Բողոքի ակցիային մասնակցած Վիլեն Գաբրիելյանը, ով Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ ճոճող» կեղծանվամբ, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ՝ «շատ սիրուն ձևով էդ բոլտերը հավաքել ենք, թողել ենք տեղում, որպեսզի ոչ մեկը չասի, որ ինչ-որ մի բանի վնաս ենք տալիս, հիմքը չունենան դրա»: