Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ Վախթանգ Կիկաբիձեին

Լուսանկարը՝ քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին:

Շնորհավորելով հյուրին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը, մասնավորապես, ասել է․ - «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության է՛լ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Մարգարյանը Կիկաբիձեին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայ - վրացական ավանդական կապերի, մշակութային բազմամյա բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Վախթանգ Կիկաբիձեն վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Նա նաև երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ իր արվեստի հանդեպ տածած մեծ սիրո և ջերմության համար: