Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծել աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում։

«Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։ Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է։»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։