Օբամա-Պուտին, Պուտին-Պորոշենկո հանդիպումներ Ֆրանսիայում

Your browser doesn’t support HTML5

Օբամա-Պուտին, Պուտին-Պորոշենկո հանդիպումներ Ֆրանսիայում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ հանդիպում են ունեցել Ֆրանսիայում, որտեղ նրանք մասնակցում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերի ափհանման 70-րդ ամյակին նվիրված արարողություններին։ Պուտին-Օբամա հանդիպման մասին հաղորդում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը:

Օբամային ուղեկցող Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը ասել է, որ Օբաման և Պուտինը 10-15 րոպե զրուցել են նախաճաշի ժամանակ՝ նշելով, որ դա ոչ պաշտոնական զրույց էր, ոչ պաշտոնական հանդիպում:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, թե չնայած դա առանձին հանդիպում չէր, այնուամենայնիվ, երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցան կարծիքներ փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և այդ երկրի արևելյան շրջանների ճգնաժամի շուրջ:

Պեսկովի փոխանցմամբ՝ նրանք խոսակցության մեջ ասել են, որ որքան հնարավոր է շուտ պետք է վերջ տալ բռնություններին և մարտական գործողություններին։
Սա Օբամա-Պուտին առաջին հանդիպումն էր ուկրաինական ճգնաժամից հետո, որը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում մեծ խնդիրներ է առաջացրել:

Ֆրանսիայում հանդիպել են նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի նոր ընտրված նախագահ Պետրո Պորոշենկոն։ Մայիսի 25-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո սա նրանց առաջին հանդիպումն է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Պուտինը և Պորոշենկոն արտահայտվել են բռնությունները և ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու օգտին:

Նրանք համաձայնել են, որ երկու կողմից էլ՝ ուկրաինական զինուժի ու ռուսամետ զինյալների ռազմական գործողություններին պետք է վերջ տրվի: Պեսկովը նաև ասել է, թե Պուտինն ու Պորոշենկոն ընդգծել են, որ ճգնաժամը կարող է կարգավորվել միայն քաղաքական խաղաղ միջոցներով:

Պուտին-Պորոշենկո հանդիպմանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրանք երկուսն էլ ավելի վաղ առանձին-առանձին հանդիպումներ էին ունեցել Պուտինի հետ:

Հաղորդվում է, որ Պուտինն ու Պորոշենկոն հանդիպել են, երբ արարողություններին մասնակցող երկրների առաջնորդները հավաքել են խմբով լուսանկարվելու համար: Լուսանկարվելուց հետո՝ մինչև պաշտոնական ճաշը տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Պուտինը ու Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմել, իսկ հանդիպումը 15 րոպե է տևել: