Վկան պնդում է, թե Օսիպյանը իր ներկայությամբ է գործարք առաջարկել

Your browser doesn’t support HTML5

Վկան պնդում է, թե Օսիպյանը իր ներկայությամբ է գործարք առաջարկել

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպի գործով երկրորդ վկան` Գոհար Կարապետյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իր ներկայությամբ է Օսիպյանը Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկել հանցավոր գործարքի գնալ և վերջինիս որդու ուսերին բարդել մեղքը:

«Տիկին Սուսաննա, ասեց, եթե Սաքոն լինի, ես կօգնեմ իրեն, բայց եթե Սեթոն լինի, ես չեմ կարա օգնել նրան: Սեթոն իմ ազգանունի տերն ա: Սուսաննան էլ ասեց` ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն չխառնեք ձեր գործերին», - փոխանցեց Կարապետյանը:

Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք որակեց այդ մեղադրանքը. - «Ես բարձրաստիճան սպա եմ, զբաղեցնում եմ բարձրաստիճան պաշտոն: Ո’չ ես ինձ թույլ եմ տվել, ո’չ էլ թույլ կտամ, ո’չ էլ իրավասում եմ ի պաշտոնե որևէ մեկի վրա փորձեմ ազդել»:

Գոհար Կարապետյանը, ով ներկա է եղել միջադեպին, ասում է, որ Օսիպյանի եղբորորդու ձեռքում դանակ չի նկատել, բայց նկատել է վերջինիս ոչ համարժեք պահվածքը:

Կարապետյանը համոզված է, որ Վալերի Օսիպյանը գիտի, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Սեդրակը:

Իսկ Օսիպյանը պնդում է, թե չգիտի որտեղ է նա. - «Եթե ես իմանայի Սեդրակը որտեղ ա… Այո, ես հեռախոսով խոսել եմ հետը, փորձել տեղեկանալ ինչ ա տեղի ունեցել: Եթե ես իմանայի, թե ինքը որտեղ ա, անպայման հիմա ինքը կգտնվեր, այս քննչական գործողություններին ներկա կլիներ, և մենք ճիշտը կիմանայինք»:

Մայրաքաղաքի փոխոստիկանապետը իր եղբորորդուն նկարագրեց որպես ակտիվ երիտասարդ, ինչը, նրա խոսքով, չի նշանակում, որ Սեդրակն ընդունակ է դանակահարության:

Հավելենք, որ Սմբուլ Հովհաննիսյանն ու Գոհար Կարապետյանը արդեն հերթագրվել են ընդունելության ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ: