Պորոշենկոն իշխանության ապակենտրոնացում և համաներում է խոստանում Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ լիազորությունները ստանձնելուց հետո հանդես է գալիս «խաղաղության ծրագրով», որի նպատակն է վերջ դնել Ուկրիանիայի արևելքում շարունակվող ճգնաժամին:

Ընտրյալ նախագահի խոսքով, խաղաղության ծրագիրը ներառում է իշխանության ապակենտրոնացում, լայնածավալ համաներում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Պորոշենկոն նշել է, որ այս ծրագրերը հունիսի 4-ին Լեհաստան կատարած այցի ժամանակ քննարկել է ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ: Նա նաև ասել է, որ այս քննարկումները շարունակելու է նաև Ֆրանսիայում, որտեղ այս շաբաթ Երկրորդ համաշխարհային պատերազմում նշանակալի դերակատարություն ունեցած պետությունների ղեկավարների մասնակցությամբ նշվում է Արևմտյան ուժերի՝ Ֆրանսիայում վճռորոշ ափհանման (D-Day) տարելիցը:

Պորոշենկոն ընդգծել է, որ Ֆրանսիայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում չի ծրագրվում, սակայն չի բացառել նման հանդիպման հնարավորությունը․ Պուտինը ևս մասնակցելու է D-Day-ի հոբելյանական տոնակատարություններին: