Ռեժիսորը պայքարի իր տարբերակն է ընտրել՝ կոռուպցիայի մասին ֆիլմ է նկարահանել՝ «Լուսավորիչը», որն անցած շաբաթավերջին ցուցադրվեց Տորոնտոյում կազմակերպված համաժողովում։
Կաշառակերության դեմ պայքարում սփյուռքի դերակատարությանը նվիրված հավաքին ներկա է եղել նաև ակտիվիստ Գարեգին Չուքասզյանը։
«Ատոմ Էգոյանը լինելով սփյուռքահայ, իր համար շատ կարևոր է եղել ազգային ինքնության, էդ պատմական հայրենիքի գաղափարը։ Հենց ինքը՝ Ատոմ Էգոյանը, փաստորեն, նկատում է արդեն, իր ուշադրությունը բևեռում է այսօրվա Հայաստանի խնդիրների վրա, որ մենք չենք կարող չնկատել այն հակասությունը, որը կա մեր իդեալական պատկերացումների և այսօրվա ցավոտ իրականության միջև», - փոխանցեց Չուքասզյանը։
Միայն մեր երազներում ապրող կատարյալ Հայաստան, և այն ինչ ունենք իրականում՝ կոռուպիցայի մեջ թաթախված ու հայաթափվող երկիր․ ահա այս հակադրությունն է, ըստ Չուքասզյանի, փորձել ներկայացնել էգոյանը։ ֆիլմում հակադրված են համանման կոռուպցիոն իրավիճակներում հայտնված հայի ու կանադացու կերպարները, որոնք որպես խնդրի լուծում միանգամայն տարբեր ուղիներ են ընտրում։
«Կանադացիների մոտ անգամ ամենաանձնական հարցերը բաց քննարկումների են ենթարկվում, իսկ հայերի մի մասը նախընտրում է անհատական, ընտանեկան փրկության ճանապարհները, ամեն մեկն իր գլուխը փրկելու, արտագաղթելու ճանապարհը, իսկ էն լուծումները, որ մենք որպես հավաքականություն պետք է տանք, փակվում ենք, կարծես չկա էդ խնդիրը, փորձում են անտեսել, լռության մատնել: Ահա այս մոտեցումների տարբերությունն է, որ մենք քննարկումների կարիք ունենք, մասնակցության կարիք ունենք։ Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին հայրենիքից, հանուն պատմական հայրենիքի էդ պատկերի անաղարտության։ Սա կարծում եմ շատ կարևոր մեսիջ էր, որը ֆիլմը բերեց և կոնֆերանսը բերեց», - Տորոնտոյից փոխանցեց Չուքասզյանը։
«Հիմա արդեն հայրենիքի մասին մտածելու ժամանակ է», - ասում է Չուքասզյանն ու հավելում, որ առաջին անգամ «Հայկական վերածնունդ» անունը կրող ու սփյուռքում արդեն երկու տարի գործող շարժումը որոշել է այսպիսի համաժողովների միջոցով Հայաստանի վիճակը ներկայացնել սփյուռքում և մոբիլիզացնել սփյուռքահայերի ներուժը կոռուպցիայի դեմ պայքարում։
«Ի վերջո այնպես անել, որ սփյուռքահայերը մասնակցեն Հայաստանի ներկայիս խնդիրների լուծմանը: Բազմաթիվ ձևերով՝ Հայաստան տեղափոխվելը, մասնակցելը քաղաքացիական դիմադրությանը, որը գոյություն ունի Հայաստանում, իրենց ռեսուրսներով մասնակցելը, մեդիական մասնակցությունը: Այսինքն ամեն կերպ տարածել այն հոռի երևույթների մասին տեղեկատվություն, որը գոյություն ունի։ Ամսի 7-ին Մոնրեալում կլինի երկրորդ համաժողովը և հետագայում կարծում եմ, որ այս ընթացքը կշարունակվի այլ գաղութներում», - ասաց Չուգասզյանը։
«Հայկական վերածնունդ»-ը փորձում է մոբիլիզացնել սփյուռքահայերի ներուժը կոռուպցիայի դեմ պայքարում
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին միացել է նաև կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը։