Միրզոյանը ներկայացրել է Ղարաբաղի դիրքորոշումը հակամարտության կարգավորման գործընթացում

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը այսօր Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

«Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ԼՂ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Միրզոյանը իր ելույթում դրական է գնահատել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գոյություն ունեցող համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա հետագա զարգացման ու ընդարձակման կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հաջողությունների հասնելու տեսանկյունից։