Բոլոր ցեղատեսակների շների Միջազգային սերտիֆիկացման ցուցահանդես Երևանում

Շաբաթ օրը «Գոլդի» հայկական կինոլոգիական ակումբը Երևանում անցկացրեց միջազգային ցուցահանդես բոլոր ցեղատեսակների շների համար:

Մրցույթին մասնակցում էին շուրջ հինգ տասնյակ ցեղատեսակների շներ ամբողջ Հայաստանից:

Ցուցահանդեսի նպատակն էր Հայաստանում որակավորում և սերտեֆիկատ ստացած զտարյուն ցեղատեսակների շների պահպանումը: Շներին հետագայում ճիշտ հետևելու և ճիշտ զարգացումը ապահովելու նպատակով միջազգային որակավորված մասնագետները խորհուրդներ էին տալիս:

Ցուցահանդեսը անցկացնում էր Միջազգային կինոլոգիական միության (IKU) մասնագետ-դատավոր Նատալյա Բալասինիենկոն, Մոլդովայից:

Ցուցահանդեսում շները ստանում են մի շարք սերտիֆիկատներ` Լավագույն ցեղատեսակը ներկայացնող (BOB), Հայաստանում չեմպիոնի թեկնածու (CAC), Միջազգային չեմպիոնի թեկնածու (CACIB) Երիտասարդ շների չեմպիոնի թեկնածու (WJC):

«Շատ գոհ ենք մասնակիցների ակտիվությունից, նկատվում է առաջընթաց, ինքներդ էլ տեսնում եք` ցեղատեսակներն ինչքան բազմազան են», - «Ազատություն» հետ զրույցում նշեց Հայկական կինոլոգիական «Գոլդի» ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը, - «Կան տերեր, որ լավ զբաղվում են իրենց շներով, բայց ընդհանուր առմամբ` միջին գնահատական ենք տալիս մեր շնասերներին»:

«Գոլդի» ակումբը, որը պաշտոնապես ներկայացնում է Միջազգային կինոլոգիական միությունը (IKU) Հայաստանում 2013 թվականի ապրիլի 14-ից, Միջազգային սերտեֆիկացման ցուցահանդեսը՝ (CACIB) բոլոր ցեղատեսակի շների համար, անցկացնում է երկրորդ տարին անընդմեջ: