Սիկորսկին՝ ԵՄ «արտգործնախարարի» հավանական թեկնածու

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի

Լեհաստանն առաջարկում է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակել արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 51-ամյա Սիկորսկուն Եվրամիության դիվանագիտության ղեկավարի «բնական թեկնածու» է համարել:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի պաշտոնը 2009 թվականից զբաղեցնում է Քեթրին Էշթոնը: Այս տարի դեկտեմբերին լրանում է Էշթոնի պաշտոնավարման ժամկետը, և նա մտադիր չէ այդ պաշտոնում երկրորդ ժամկետը մնալ:

Ռադոսլավ Սիկորսկին հայտնի է Կրեմլի նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ և կոչերով, որ Եվրամիությունն առավել կոշտ պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից Ուկրաինա և Վրաստան ռազմական միջամտությանը:

Եվրամիության «արտգործնախարարի» պաշտոնի թեկնածուների թվում են նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը, ինչպես նաև Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Դե Մեզյերը:

Եվրոպական խորհուրդը հուլիսին քվեարկություն կանցկացնի Քեթրին Էշթոնին փոխարինողին որոշելու համար: Թեկնածուին պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերին: