Մամեդովն ասում է՝ Ալիևի նամակը «դրական գնահատական է ստացել»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը APA ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներին ուղղված Իլհամ Ալիևի նամակի մասին` նշելով.- «Եթե Հայաստանը պետք է ընդգրկվի այդ միությունում, ապա բոլոր միջազգային իրավական նորմերն ու սկզբունքները պետք է հաշվի առնվեն»:

Մամեդովը նշել է, որ Եվրասիայի տարածքում նոր միության ստեղծումը պետք է նորմալ ընկալել, իսկ իրենց հետաքրքրում է այդ կառույցին Հայաստանի անդամակցության հարցը, որը, ըստ Մամեդովի, օկուպացրել է Ադրբեջանի տարածքները:

«Այդ հարթության մեջ մենք մտածեցինք, թե ինչ պայմաններով կարող է Հայաստանը դառնալ Եվրասիական տնտեսական և Մաքսային միության անդամ: Այդ կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահը նամակ հղեց նոր միության հիմնադիր երեք երկրների առաջնորդներին` նշելով, որ Հայաստանի անդամակցության դեպքում պետք է բոլոր միջազգային նորմերն ու սկզբունքները պահպանվեն: Նամակում նաև նշվում է, որ քանզի այդ երկրների ղեկավարները լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, պետք է չէ քայլեր անել, որոնք Ադրբեջանի շահերին վնաս կպատճառեն»:

«Նամակը միանգամից դրական գնահատական է ստացել: Ղազախստանի նախագահ Նազարբաևն ասել է, որ պետք է ուշադիր քննել այդ հարցն ու թույլ չտալ Ադրբեջանի դժգոհությունը»,- ասել է Մամեդովը:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը դեռևս ծրագրեր չունի անդամակցել Եվրասիական միությանը և իրենց հետաքրքրում է միայն Հայաստանի անդամակցության հարցը: