ԼՂ ՊՆ․ «Բանակում դեպքերի ստույգ տվյալները թաքցնելը Ադրբեջանի ոճն է»

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Նախօրեին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր Զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը, իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը, և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր», - իր այսօրվա հաղորդագրությունում նշում էՂարաբաղի ռազմական գերատեսչությունը և ընդգծում․ - «Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից»:

Ներկայացնելով ադրբեջանական բանակի զոհված և վիրավորված զինծառայողների անվանական ցուցակը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ դեպքերի մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության:

«Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ըստ [Լեռնային Ղարաբաղի] Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի», - ասված է հաղորդագրությունում: