Աբրահամյանը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի, Մյասնիկովիչի հետ

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն կարևորել է ԱՊՀ-ի դերը որպես կայացած միջպետական միավորում: Ըստ նրա՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը:

Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Մինսկում տեղի կունենան ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովները:

Հայաստանի վարչապետը առանձնազրույց է ունեցել նաև բելառուսցի պաշտոնակից Միխայիլ Մյասնիկովիչի հետ:

Աբրահամյանը և Մյասնիկովիչը քննարկել են հայ - բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, գոհունակություն հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից, բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:

Վարչապետները անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղտեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման հարցերին:

Նրանք մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Հայաստանի պատվիրակության կազմում են Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։