Գորիսի միջադեպի գործով քննությունը շարունակվում է

Չնայած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը, թե Գորիսում տեղի ունեցած միջադեպում քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան, ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի, հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:

Մինչդեռ, երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, ոստիկանապետն ասել էր, թե Գորիսում տեղի ունեցած միջադեպում քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան:

Արմեն Մալխասյանը, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ոստիկանապետի երեկվա հայտարարությունը քննչական մարմնի համար կաշկանդիչ դեր չի՞ խաղա, ասաց՝ դա կպարզվի հետաքննության ժամանակ:

Ոստիկանության կայքէջում հրապարակված հաղորդագրության և ոստիկանապետի հայտարարությունների միջև առկա հակասությունը մեկնաբանելով՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է․ - «Մեկ հարց ունենք, թե արդյո՞ք ոստիկանության քննչական բաժինները կամ գլխավոր վարչությունը կհամարձակվի չկատարել ոստիկանության պետի հրահանգը, որովհետև ըստ էության դա հրահանգ է, որ ոչ մի քրեական գործ չհարուցեն»:

Իրավապաշտպանը վերջին դեպքը համարում է անցյալ տարվա հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունը կոծկելու հետևանքը:

«Գորիսում այն մթնոլորտը, որը կարող էր փոխվել Բուդաղյանների կյանքի գնով, փաստորեն նորից աստիճանաբար վերականգնվում է, որովհետև սրանից հետո ընդհանրապես Գորիսում բեսպրեդելը կարող է ամբողջությամբ տիրել: Եվ դրա պատասխանատուն նաև հանդիսանում է Գասպարյան Վովան», - ասում է Արթուր Սաքունցը:

Սյունիքում տեղի ունեցող աղմկահարույց պատմությունների իրավական հետևանքների բացակայությունը տարիներ շարունակ մտահոգում է նաև Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանին՝ Լարիսա Ալավերդյանին:

«Որևէ մեկի պատիվը ավելի բարձր ենք գնահատում, քան երկրի պատի՞վը: Եթե մենք անպատժելիությունը դարձնում ենք մեր առօրյան, մենք այդպիսի դեպքերի վերջը չենք տեսնելու», - ասում է նա:

Գնահատելով անցած տարիներին Սյունիքում տեղի ունեցած և չբացահայտված հանցագործությունները՝ Լարիսա Ալավերդյանն ամփոփեց․ - «Հանցագործության քողարկումը հանրության մեջ առաջացնում է ծանր հետևանքներ»: