Հայաստանը մտադիր է Եվրասիական միության պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Աստանայի հանդիպմանը, լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու ժամկետ սահմանել մինչև սույն թվականի հունիսի 15-ը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Աստանայում նախ տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ, ապա նրանց են միացել Հայաստանի և Ղրղըզստանի նախագահները:

Ավելի ուշ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Ղրղըզստանը, ինչպես Աստանայում հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ակնկալում է Եվրասիական միությանը անդամակցել մինչև տարեվերջ:


Մանրամասները տե՛ս այստեղ: