Մանվել Գրիգորյան․ «Ադրբեջանցիք մեր հետ էդ տեխնիկան կիսվելու են, թող առնեն»

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյան, արխիվ

Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, համոզված է, որ «հայ - ռուսական ռազմավարական դաշնակցությանը որևէ բան չի սպառնում»:
«Մենք չենք կարող հիացական վերաբերմունք ունենալ, հիանալ և ուրախանալ, եթե Ադրբեջանին որևէ երկիր զենք է վաճառում, բայց միևնույն ժամանակ չենք կարող նաև միջամտել», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի փաստը:

Հիշեցմանը, որ զենքը վաճառողը Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է, Շարմազանովը հակադարձեց․ - «Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի և կարծում եմ, որ հայ - ռուսական ռազմավարական դաշնակցությանը որևէ բան չի սպառնում, և նա պետք է զարգանա»:

«Շատ են հնչում կարծիքներ, որ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցությունը արդեն իսկ որոշակի սպառնալիք է Հայաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Ազգային ժողովի փոխնախագահը արձագանքեց․ - «Ես այդ կարծիքին չեմ, բոլոր նրանք, ովքեր նման կարծիքներ են հնչեցնում, նախ և առաջ պետք է հնչեցնեն, որ Եվրամիության անդամ երկրները չունեն․․․ անկախության չափաբաժինը պակասել է, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՀԱՊԿ-ի անդամ երկրները»:

«Բացարձակ անկախություն գոյություն չունի, պարզապես դու պետք է ունենաս քո ինքնիշխանությունը և գլոբալացվող աշխարհում դու պետք է լինես այս կամ այն տնտեսական միության անդամ, և սա բնական է, ինչպես նաև Եվրամիությունում, Եվրասիական միությունում, և կարևորը այն է, որ դու ցանկացած որոշում կայացնելիս առաջնորդվես քո պետության շահի գերակայությամբ», - հավելեց Շարմազանովը:

Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը նույն հարցերի առնչությամբ ասաց․ - «Դե որ սենց վերցնենք՝ Նոստրադամուսն էլ չի կարա դրան պատասխանի, ոչ մեկը էս մոլորակի վրա գարանտիա չունի, թե կռիվ կլինի թե չի լինի՝ տենց տեղ չկա, տենց բան կա՞»:

Ի պատասխան հիշեցման, որ խոսքը անկախությանը սպառնալիքի մասին է, Գրիգորյանը հայտարարեց․ - «Մեզնից ա կախված՝ մենք եթե լավ լինենք, հզոր լինենք, միասնական լինենք, անկախությունը կպահենք, եթե պառակտվեցինք, թուլացանք, գաղթվեցինք, իրար չհարգեցինք, միշտ վատը տեսանք, վատից խոսացինք՝ հնարավոր է վտանգներ լինեն: Մանավանդ էսօր մեր տարածաշրջանը չորս կողմն էլ վտանգավոր հարևաններ են»:

«Իսկ Ռուսաստանի հետ նոր հարաբերությունները չե՞ն սպառնում մեր անկախությանը՝ Մաքսային միություն, Եվրասիական միություն․․․», - «Ազատության» այս հարցին էլ Երկրապահ կամավորականների միության նախագահը պատասխանեց․ - «Դե չէ, անկախությանը ոչ մեկն էլ չի կարա սպառնա, չի լինի տենց բան, որ մենք էթանք ինչ-որ․․․ Բայց շահերի՝ թե ինչքան շահ կունենանք մենք Ռուսաստանից կամ ինչ-որ մեկի հետ համագործակցելուց, շահերի խնդիր կա»:

Իսկ սպառնալի՞ք չէ արդյոք Հայաստանի համար այն, որ Ռուսաստանը այդքան տանկեր է վաճառում Ադրբեջանին՝ այս կապակցությամբ էլ Մանվել Գրիգորյանը հայտարարեց․ - «Դե ես ասի՝ թող վաճառեն, ավել փող ունի առնում ա՝ հետո մեր հետ կիսվելու ա՝ ադրբեջանցիք մեր հետ էդ տեխնիկան կիսվելու են, թող առնեն»:

Թե ինչպես է դա հնարավոր և երբ՝ այդ կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության նախագահը հայտարարեց․ - «Ըտե՛նց, կգա օրը՝ կտենաս ոնց․․․ Երբ որ կռիվը կսկսվի, երբ որ կփորձեն օգտագործել, երբ որ ուզենան մեր վրա օգտագործել՝ մենք իրանց հետ կկիսվենք»: