Ադրբեջանը «խոշորամասշտաբ» զորավարժություն է սկսել «ճակատամերձ գոտում»

Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի բանակի զորամիավորումները՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, սկսել են հերթական «խոշորամասշտաբ» զորավարժությունները «ճակատամերձ գոտում», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների ժամանակ «կիրառվել են պատերազմ վարելու արդիական մեթոդները, զրահատեխնիկա, հրետանի, ականանետներ, հրաձգային զենքեր, ռազմական օդուժ և հակահրթիռային պաշտպանության ուժերը»:

Ստուգվել է զորավարժություններին մասնակցող զորամիավորումների մարտական պատրաստությունը, ուշադրություն է դարձվել մարտական առաջադրանքների ավելի օպերատիվ և արդյունավետ իրականացմանը, տարբեր ստորաբաժանումների գործողությունների համակարգմանը, փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: