Գլխավոր դատախազությունը «փորձում է ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա»

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները սպառնալիք են տեսնում Գլխավոր դատախազության հայտարարության մեջ, որով դատախազությունը զգուշացնում է՝ նախաքննության տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է։

Կազմակերպություններն ահազանգում են, որ այս հայտարարությունը չի բխում լրատվամիջոցների և լրատվության աղբյուրի գաղտնիության սկզբունքներից, վտանգում է լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը տարածվել էր մայիսի 22-ին՝ Վերնիսաժի աղմկահարույց դեպքերից մի քանի օր անց։ Առանց մատնանշելու, թե կոնկրետ որն է առիթը,դատախազությունը նշում է,նախաքննության տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով, եթե այդ տվյալները հրապարակվել են առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության։

Դատախազությունը զգուշացնում է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների յուրաքանչյուր հրապարակման դեպքում հսկողություն իրականացնող դատախազները գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկելու՝ այդ տեղեկատվության աղբյուրները պարզելու ուղղությամբ։

Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը նախաքննական կամ հետաքննական տվյալներ հրապարակելու համար սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչ 300-ապատիկի չափով կամ մեկամսյա կալանք։

Իրավաբան,միջազգային իրավունքի մասնագետԱրա Ղազարյանը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնելով, որ այս քայլն ուղղված է լրատվամիջոցների դեմ, ընդգծեց՝ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախկինում գրեթե չի կիրառվել հենց անորոշ ձևակերպման պատճառով։ Հոդվածում նախաքննական գաղտնիքի մասին խոսք չկա, գրված է «տվյալ», իսկ նախաքննության տվյալ է, ըստ իրավաբանի, ցանկացած տեղեկատվություն, այդ թվում, օրինակ, մեղադրյալի անուն-ազգանունը։

«Մեղադրյալի անուն-ազգանունը նույնպես տվյալ է, որևէ վկայի ցուցմունք տալու օրը նույնպես տվյալ է, որևէ վկայի ցուցմունք տալու օրը նույնպես տվյալ է։ Այնքան լայն ու անորոշ է, որ նախօրոք լրագրողը չի կարող իր աշխատանքը դրանով կարգավորել։ Ստեղծվում է լիակատար անորոշություն, որից կարող են օգտվել իշխանությունները։ Դրա համար ուղղակի պետք է հստակորեն կարգավորվի։ Կամ այս նորմը չպետք է կիրառվի, կամ էլ պետք է օրենքում «տվյալ» բառը փոխարինել «գաղտնիք» հասկացողությամբ և ավելի կոնկրետացնել»,- ասաց Ղազարյանը։

«Այն կերպ, ինչպես նշված է 342-րդ հոդվածում, ստեղծում է լիակատար անորոշություն, և լրագրողը հայտնվում է պոտենցիալ վտանգի առջև, իսկ դա արդեն ազդում է ինֆորմացիայի հոսքի վրա։ Արդեն լրագրողը ստիպված պետք է ինքնակարգավորվի՝ բացասական իմաստով, ինքնագրաքննություն սկսվի, իսկ դրանից տուժում է հանրությունը»,- ընդգծեց իրավաբանը։

«Ինչո՞ւ հենց հիմա» հարցին իրավաբանը պատասխանեց.- «Դժվարանում եմ ասել, միգուցե հյուսիսային քամինե՞րն են։ Մենք տեսնում ենք Ռուսաստանում ինչ տենդենցներ են, չէ՞»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Ազատության» հետ զրույցում «հակաօրինական» որակեց Գլխավոր դատախազության պահանջը՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքին։

«Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածով լրագրողից կարող է աղբյուրի բացահայտման պահանջ ներկայացնել միայն դատարանը, սա մեկ, իսկ այս դեպքում դատախազությունը նույնպես իրեն լիազորություն է վերապահում պահանջ ներկայացնել լրատվամիջոցներին և լրագրողներին՝ բացահայտելու աղբյուրը։ Այն էլ՝ դատախազությունը ասում է՝ «յուրաքանչյուր դեպքում», սա երկրորդ խախտումն է։ Սա օրենքին հակասող պահանջն է, որովհետև «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ասում է՝ «միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու նպատակով», այսինքն նեղացնում է այն դեպքերի շրջանակը, որոնց պայմաններում կարող է նման պահանջ ներկայացվել դատարանի կողմից լրատվամիջոցներին։ Այս հաղորդագրությամբ ստացվում է, որ ամբողջ պատասխանատվության բեռը, ծանրությունը ընկնում է լրատվամիջոցի վրա։ Այնինչ օրենքի 9-րդ հոդվածն ասում է, որ լրագրողը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն դեպքում, եթե նա օրինական ճանապարհով է ձեռք բերել այդ տեղեկատվությունը»,- նշեց Դոյդոյանը։

«Ես չէի ասի սպառնալիք, պարզապես վախեցնելու փորձ են անում, որ լրատվամիջոցները զգուշանան»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Ես մի բան եմ հասկացել, որ զուտ նախաքննություն իրականացնելու անընդունակություն կա մեր քննչական մարմինների կողմից։ Երբ որ իրենք տեսնում են, որ լրատվամիջոցները երբեմն շատ ավելի լուրջ քննչական գործողություններ են կատարում, շատ ավելի լուրջ տվյալներ են կարողանում հայտնաբերել, քան իրենք, կա մի կողմից մասնագիտական խանդ, մյուս կողմից արգելանք, որպեսզի իրենք այդ մութ դռների, փակ դռների շրջանակներում ինչ ուզենան, անեն, որ գործը ուզենան փակեն, ջրեն, ծածկադմփոց անեն, և լրատվամիջոցները չխանգարեն իրենց աշխատանքին։ Ընդամենը դա է»,- նշեց Օհանյանը։

«Գոյություն ունեն չափանիշներ, Եվրադատարանի նախադեպային որոշումներ, որոնք բացառում են լրագրողների նկատմամբ նման հսկողությունը»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

«Գլխավոր դատախազը, ով նաև ներկայացնում է ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանում, պետք է, որ այլ արժեքներ կրեր և այլ արժեքներով առաջնորդվեր։ Սա գնահատում եմ ցածր որակ, երբ գլխավոր դատախազը, օգտագործելով իր լծակները, փորձում է ուղղակի ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա»,- նշեց իրավապաշտպանը։