Փաստաբան. «ՊՆ-ն ընդունել է սպայական կազմի վարկածը»

Անցած տարեվերջին Կանազի հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը նախաքննական մարմինն ուղարկել է դատարան։

Պաշտպանության նախարարությունը հաստատված է համարել, որ հոսպիտալում բուժում ստացող զինվորները ծեծի են ենթարկել 5 հոգու՝ հոսպիտալի հրամանատարին ու բժիշկներին։

Քրեական գործը հարուցվել է 4 զինվորների նկատմամբ, որոնցից 3-ն են մեղադրվում հոսպիտալի ղեկավար կազմին ծեծելու մեջ։ Չորրորդ զինվորը մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու ու զինվորներից մեկին հարվածելու համար։

Հոսպիտալի հրամանատարին ու բժիշկներին ծեծի ենթարկած զինվորները բուժվում էին հոգեբուժական բաժանամունքում։ Նրանցից երեքն այժմ գտնվում են կալանքի տակ, չորրորդը՝ վանաձորցի Դավիթ Մարկոսյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել։

Զինվորներից երկուսը՝ Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Ռազմիկ Մանուկյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշում է, որ բժիշկներն են հարձակվել և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել նրանց։ Բայց գործը քննող պաշտպանության նախարարությունը անտեսել է այս հանգամանքը, ինչի արդյունքում ծեծված զինվորները վերածվել են մեղադրյալների, իսկ ծեծող բժիշկները՝ տուժողների։

«Նախաքննական մարմնի վարկածն այսպիսին է։ Զինվորները սուտ են ասում, սպաների կողմից ծեծվելու մասին` նպատակ ունենալով խուսափել քրեական պատասխանատվություինից։ Բայց եթե նայենք հակառակ կողմից, ապա սպաները չէի՞ն կարող սուտ ասել հենց նույն նպատակով՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նկատառումով», - ասաց Սաֆարյանը:

Ըստ փորձաքննության, զինվորներից երկուսի մարմնի վնասվածքներն ավելի շատ են ու ավելի բարդ, քան՝ բժիշկներինը: Քրեական գործում կան ականատես զինվորների վկայությունները, որ սպաներն են նախահարձակ եղել, ծեծի ենթարկել նրանց», - պնդում է Սաֆարյանը։ - «Դեռ քրեական գործ չհարուցած, ՊՆ-ն ընդունել է սպայական կազմի վարկածը, բայց քննության չի առել տղաների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները»։

Ըստ նախաքննական մարմնի, միջադեպի պատճառն ալկոհոլն է եղել։ Ռազմիկ Մանուկյանը հիվանդասենյակում ալկոհոլ է օգտագործել, երբ հոսպիտալի հրամանատարը ներս է մտել, դիտողություն արել։ Հետո Արշակ Թորոսյանի ու Դավիթ Մարկոսյանի հետ քաշքշել են հրամանատարին, ապա հարվածներ հասցրել, բժիշկների ուղղությամբ պահարան նետել։ Նախաքննական մարմինը որոշել է, որ զինվորների մարմնական վնասվածքները ոչ թե բժիշկների կողմից ծեծի արդյունք են, այլ կարող էին առաջանալ նրանց հանդարտեցնելու արդյունքում։

Ռազմիկ Մանուկյանի պաշտպանը նշում է, որ գործը չպետք է քններ Պաշտպանության նախարարությունը. քննիչները, ըստ էության, սպասարկվում են այդ հոսպիտալում և, ինչպես Սաֆարյանն է նշում, այս դեպքում գերիշխել են կորպորատիվ, գերատեսչական շահերը։

Մյուս զինվորի՝ Դավիթ Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանն առայժմ չի խոսում իր պաշտպանյալի՝ մեղքն ընդունել-չընդունելու մասին։ Ասում է, որ Դավիթը ևս, ինչպես Ռազմիկը, վնասվածքներ է ստացել բժիշկների կողմից. - «Ինքը նշում է, որ դեպքի ժամանակ իրեն վնասվածք հասցրել են, որից հետո ինքն էլ փոխադարձաբար այլ անձի է վնասվածքներ հասցրել և որոշակի գործողություններ է կատարել»:

Իսկ Արշակ Թորոսյանի պաշտպան Գագիկ Նալբանդյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսեց, թե ինչպես 40 կիլոգրամ քաշ ունեցող իր պաշտպանյալը կարող էր ծեծի ենթարկել 5 հոգու։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ զինվորները գտնվել են հոգեբուժական բաժանմունքում ու հարց բարձրացնում՝ ինչպես են նրանք զորակոչվել բանակ:

Անցած նոյեմբերին տեղի ունեցած դեպքի մասին մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որտեղ ծեծկռտուքի մեղավորներ էին մատնանշվում ոչ թե զինվորները, այլ բժիշկները։

Դեպքին հաջորդել էր ծեծկռտուքին չմասնակցած մի քանի զինվորների փախուստը հոսպիտալից։ Նրանցից մեկը՝ Կարապետ Կարապետյանը ծնողներին պատմել էր, թե «բժիշկները էրեխեքին են ծեծել, էրեխեքը` բժիշկներին»: Հոսպիտալը լքած զինվորները ասել էին, թե վախից են փախել:

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է հունիսի 3-ին։