Զայրացած գործարարն՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Չնայած կրած վնասներին և իր բանկային հաշիվների սառեցմանը՝ Գարիկ Գալիկյանը չի պատրաստվում վճարել 20 հազար դրամ տուգանքը:
Գործարար Գարիկ Գալիկյանը որոշել է սկզբունքային պայքարի մեջ մտնել քաղաքապետարանի հետ, և չնայած իր բանկային հաշիվների սառեցման պատճառով կրած վնասներին՝ չի պատրաստվում վճարել իրեն պատկանող վարսավիրանոցի դիմացի տարածքի բարեկարգման կանոնները խախտելու պատճառաբանությամբ Երևանի քաղաքապետարանի սահմանած 20 հազար դրամ տուգանքը:

Ամեն ինչ սկսվել է անցած նոյեմբերին, երբ գործարարը քաղաքապետարանից ծանուցագիր է ստացել այն մասին, որ սեպտեմբերին խախտել է բարեկարգման կանոնները և տուգանքի հետ կապված մանրամասները ճշտելու համար հրավիրվել է քաղաքապետարանի նիստին։ Նիստը սահմանված ժամին տեղի չի ունենում, սակայն ավելի ուշ Գալիկյանը մեկ այլ գրություն է ստանում այն մասին, որ նիստը տեղի է ունեցել և որոշում է կայացվել նրան տուգանել 20 հազար դրամով:

Տուգանքի մասին ծանուցագիրը ստանալուց մոտ 10 օր անց Գալիկյանը, ով մասնագիտությամբ փաստաբան է և նաև փաստաբանական գրասենյակ է տնօրինում, որոշումը բողոքարկում է Վարչական դատարանում։

«Նախ ինձ բացատրեին՝ ո՞րն է համարվում իմ կողմից ընդհանուր օգտագործման տարածք, ի՞նչ բարեկարգման կանոն ես պետք է կատարեի, որը չեմ կատարել և խախտել եմ, ի՞նչը պետք է բարեկարգեի», - «Ազատության» հետ զրույցում իր պահանջներն է ներկայացնում գործարարը:

Դատարան դիմելուց մի քանի օր անց Գալիկյանը պարզում է, որ քաղաքապետարանի դիմումի համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը իր բոլոր բանկային հաշիվները սառեցրել է: Որպես պատճառաբանություն բերվում է այն, որ տուգանքի որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն անցել է, թեև գործարարը բողոքարկելու համար 2 ամիս ժամանակ ուներ, իսկ իր բողոքը ներկայացրել էր քաղաքապետարանի որոշումը ստանալուց ընդամենը 10 օր անց։

«Ֆորմալ ժողովրդին ծանրաբեռնում են, հաշիվը արգելանքի է վերցվում, որ ես էլ՝ մարդ եմ, ասեմ՝ լավ, հոգնել եմ արդեն, ավելի լավ է այդ 20 հազարը վճարեմ, քան իմ հաշիվները կալանքի տակ մնան», - մեկնաբանում է Գալիկյանն ու վստահեցնում․ - «Այսօր ես ահռելի վնասներ եմ կրում, բայց սկզբունքորեն, քանի որ կա օրենք, կա օրենքի համապատասխան դրույթ, հոդված, ես չեմ վճարում այդ 20 հազար դրամը»:

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք տուգանելու որոշումը ուղարկել են հարկադիր ծառայություն, իսկ եթե այն դատական կարգով բողոքարկվում է, ապա ԴԱՀԿ-ն պետք է կատարողական վարույթը կասեցնի։ Իսկ թե ինչո՞ւ են գործարարի հաշիվները մինչև հիմա սառեցված, այս հարցին Առաքելյանը դժվարացավ պատասխանել։

Հարկադիր ծառայությունից «Ազատության» հարցմանը ի պատասխան ասացին, որ այս դեպքով բոլոր գործողությունները կասեցված են, մինչդեռ վարույթը ավարտված չէ, ուստի մինչև դատարանի որոշումը՝ հաշիվները սառեցված են մնալու։

Այս գործով արդեն մեկ դատական նիստ եղել է, Գալիկյանի կարծիքով դատաքննությունը մի քանի ամիս կտևի, բայց նա վճռականորեն է տրամադրված։ Գործի ավարտից հետո պատրաստվում է հակընդդեմ հայցով դիմել դատարան և պահանջել փոխհատուցում՝ կրած վնասների համար։

«Ես պատրաստ եմ անվճար բոլոր քաղաքացիներին, որոնք ունեն նման խնդիր, դատական պաշտպանություն իրականացնել իմ գրասենյակով հանդերձ», - հայտարարում է գործարարը: