Էգոյանի նոր ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին է

Your browser doesn’t support HTML5

Կանադահայ հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր աշխատանքը, որը Հայաստանում կոռուպցիայի մասին է, առաջին անգամ ցուցադրվելու է մայիսի 31-ին Տորոնտոյում` «Հայկական վերածնունդ» շարժման`կոռուպցիայի խնդրին նվիրված համաժողովի ընթացքում:

«Լուսավորիչ» վերնագրված ֆիլմը նկարահանվել է մի քանի երկրներում: Հայաստանից նկարահանվել են Աշոտ Ադամյանն ու Արմինե Անդան:

«Ազատության» հետ զրույցում դերասաններն ասացին, որ նկարահանումները տևել են շուրջ վեց տարի, և իրենք չգիտեին, թե որտեղ է դրվելու վերջակետը:

«Սկսվեց այսպես. ֆիլմ ենք նկարում, ինչքան ենք նկարելու, չգիտենք, չէ՞, ինչքան է տևելո՞ւ, ևս չգիտենք: Որովհետև այն ժամանակ, երբ նոր էին նախաձեռնում, խոսում էինք, որ սա կարող է տևել տարիներ», - ասաց Ադամյանը:

«Ես այս պահի դրությամբ, հավատացեք, չեմ պատկերացնում, թե ընդհանուր առումով ֆիլմը ինչ է լինելու», - ասաց Արմինե Անդան:


Աշոտ Ադամյանը հավելեց. - «Թեև ես Ատոմից չեմ սպասում ճակատային ֆիլմ: Ես կարծում եմ, որ այդտեղ շատ ավելի ներկա կլինի մարդու հոգեբանական վիճակները` ներառյալ կոռուպցիոն ատմոսֆերայի մեջ»:

Ֆիլմում նկարահանվել են նաև Սերժ Ավետիքյանը, Արսինե Խանջյանը, դեր ունի նաև Ատոմ Էգոյանը:

Այսօր դերասանները կարող են պատմել միայն առանձին պատմություններ իրենց մարմնավորած կերպարների մասին: Իսկ թե ինչպես է կոռուպցիայի թեման կարմիր թելի նման անցնելու ողջ ֆիլմի միջով, գիտի միայն ֆիլմի ռեժիսորը:

«Ես միանշանակ չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ֆիլմը: Ատոմի դեպքում դա շատ դժվար է ասել: Մի բան կարող եմ միանշանակ ասել` կլինի խորը հոգեբանական վերլուծություն կոռուպցիոն իրավիճակներում հայտնված մարդկանց մասին», - նշեց Աշոտ Ադամյանը: