Մեհտիև. Մորնինգսթարը այդպես էլ չկայացավ որպես դեսպան

Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիև

«Ավելի լավ կլիներ, եթե ամերիկացիները Ադրբեջանին դասեր տալու փոխարեն հայերին պարտադրեին ազատագրել գրավյալ տարածքները»,- Ադրբեջանի պաշտոնական AzerTac լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը:

Մեհտիևի հայտարարությունները պատասխանն են Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի՝ անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված ծավալուն հարցազրույցին:

Մորնինգսթարը խստորեն քննադատել էր պաշտոնական Բաքվին՝ ընդդիմությանն ու քաղաքացիական ակտիվիստներին հետապնդելու համար: Ամերիկացի դիվանագետը նույնիսկ կանխատեսել էր, թե նման պահվածքն ի վերջո կարող է հանգեցնել Ադրբեջանում ուկրաինական իրադարձություների կրկնությանը: Այժմ ահա Ադրբեջանի նախագահի մերձավորագույն զինակիցներից մեկը ամերիկացիներին խորհուրդ է տալիս փոխել թե հռետորաբանությունը, թե որդեգրած գործելաոճը:

«Վերջերս լրացավ հրադադարի կնքման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ անում էր ամեն ինչ խաղաղության հասնելու համար: Արդյունք սակայն չկա: Թե ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է. որովհետև Մինսկի խումբը, որտեղ ամերիկացիները լուրջ դերակատարություն ունեն, իբր չի կարողանում ագրեսորին ստիպել լքել գրավյալ տարածքները»,- ասել է Մեհտիևը` շարունակելով ամերիկացիների հասցեին մեղադրանքների շարանը:

«ԱՄՆ-ի ազդեցությանը ենթարկվելով` արևմտյան քաղաքական կառույցները կոչ են անում հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Հայաստանը շատ լավ տեսնում է, որ Մինսկի խմբի անդամ պետությունները հարցի լուծման պատրանք են ստեղծում, իսկ իրականում իրենց անգործությամբ օժանդակում են ագրեսորին, որպեսզի նա ձգձգի խնդրի կարգավորումը»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

«Ակնհայտ է, որ եթե մի իրավիճակ ստեղծվի, երբ Մինսկի խմբի համանախագահ պետություններից որևէ մեկը հարևանի գործողությունների հետևանքով տարածքներ կորցնի, ապա պատասխանը կլինի շատ կոշտ, տվյալ պետության Զինված ուժերի ողջ հզորությամբ: Հայերի ագրեսիայի վրա, սակայն, նրանք աչք են փակում: Փաստ է՝ ամերիկացիները չեն ցանկանում ակտիվություն ցուցաբերել, որպեսզի ագրեսորի նկատմամբ միջազգային նորմեր կիրառվեն: Դրա փոխարեն նրանք խրախուսում են հայ օկուպանտներին»,- բողոքել է Մեհտիևը՝ հիշեցնելով նաև 907-րդ լրացման և Լեռնային Ղարաբաղին ամերիկացիների կողմից հատկացվող անմիջական ֆինանսական օգնության մասին:

Բացի այդ, ըստ Մեհտիևի, պաշտոնական Վաշինգտոնը փորձում է հարվածել ադրբեջանական շահերին՝ նպաստելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները լուրջ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը բացի Հայաստանի հետ սահմանը մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Ամերիկացիները, սակայն, նման ջանքեր գործադրելով չպետք է մոռանան, որ այդ սահմանը փակվել է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման պատճառով, և Անկարան մշտապես հայտարարում է, որ քանի դեռ այդ տարածքները չեն ազատագրվել, իրենց մոտեցումները չեն փոխվելու: Անհասկանալի պատճառներով ԱՄՆ-ում կարծում են, որ եթե զիջում կատարես ագրեսորին, նա էլ իր հերթին կգնա փոխզիջման: Սա ապշեցնող տրամաբանություն է, ես կասեի անգամ, որ դա տրամաբանության բացակայություն է: Հստակ է, որ սահմանի բացումը Միացյալ Նահանգներին հարկավոր է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու, այլ բացառապես մեկ նպատակի հասնելու համար՝ Հայաստանին ամերիկյան ազդեցության ոլորտ ներքաշելու համար»:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին, մասնավորաբար, Մորնինգսթարի այն պնդումներին, թե ընդդիմադիրների նկատմամաբ ճնշումները կարող են հանգեցնել Բաքվի և Արևմուտքի հարաբերությունների վերջնական խաթարմանը, ինչն էլ իր հերթին կարող է վտանգել Ադրբեջանի՝ որպես անկախ պետության գոյությունը, Մեհտիևը ասել է. - «Ադրբեջանի հետ շանտաժի լեզվով խոսելու կարիք չկա: Ես կարծում եմ, որ Վաշինգտոնում բավականին մեծ թվով ողջամիտ մարդիկ կան, ովքեր հասկանում են, թե ինչ աշխարհաքաղաքական գին են ստիպված լինելու վճարել Ադրբեջանից հեռանալու դեպքում: Չեմ կարծում, որ ամերիկացիները շատախոս դեսպանի հայտարարությունների պատճառով փչացնեն հարաբերությունների մի երկրի հետ, որի հետ կապում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հեռանկարները: Ամերիկյան պրագմատիկ դիվանագիտությունը դա թույլ չի տա: Ինչ վերաբերում է Մորնինգսթարին, տպավորություն ունեմ, որ նա այդպես էլ չկայացավ որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան»։

«Դեսպան Մորնինգսթարը պետք է չմոռանա, որ Ադրբեջանը ինքնաբավ պետություն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի գաղութը: Մորնինգսթարը պարտավոր է հարգանքով վերաբերել այն երկրի ինքնիշխանությանը, որտեղ հավատարմագրված է: Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ի դեսպանը դիվանագետի համար անթույլատրելի ձևով մեզ ինչ-որ բաներ է թելադրում, կոպիտ կերպով միջամտում է երկրի ներքին գործերին: Պակաս կարևոր գործոն չեն նաև նրա հայտարարությունները, որ վերաբերում են մեր և հարևան պետությունների հետ հարաբերություններին»,- նշել է Մեհտիևը՝ մատնանշելով Մորնինգսթարի հարցազրույցի այն հատվածը, որտեղ ամերիկացի դիվանագետը քննադատում էր Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը:

«Նման հայտարարությունները պարզ սադրանք են: Մորնինգսթարը պնդում է, թե Իրանի և Ռուսաստանի հետ սահմանակից լինելու հանգամանքը իբր սպառնալիք է մեզ համար: Դեսպանը, սակայն, չգիտես ինչու մոռացել է, որ ոչ թե այս երկու երկրներն են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքը, այլ Հայաստանը: Դա պետք է լինի Միացյալ Նահանգների մտահոգության առարկան, այլ ոչ թե այն փաստը, թե ով է Ադրբեջանի հարևանը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: