Դաշնակցությունը պահանջում է բեկանել Միկոյանի արձանի մասին որոշումը

ՀՅ Դաշնակցության դրոշը

ՀՅ Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանուց պահանջում է բեկանել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը և հետագայում ձեռնպահ մնալ առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարևոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

«Ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլև վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջև նրա ծառայությունների արժևորման շուրջ մասնագիտական քննարկումների: Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի և նրանց ժառանգների զգացմունքների առջև», - ասված է Դաշնակցության քաղաքային կոմիտեի երեկվա հայտարարությունում:

Ընդդիմադիր կուսակցությունն ընդգծում է, որ արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլև ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ:

«Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները», - ասված է հայտարարությունում: