Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի

Your browser doesn’t support HTML5

19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:

Այս տեղեկատվությունը երեկ տեղադրվել է ԴԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է: Հայտարարությունում նշվում է նաև, որ գույքը հանդիսանում է գրավի առարկա:

Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ համալիրը կառավարության որոշմամբ օտարվել էր դեռ 2005 թվականին 5 մլն 750 հազար դոլարով Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թվականին:

Առայժմ հստակ չէ, թե երբ և ինչու է գրավադրվել ու աճուրդի հանվել համալիրը: Համալիրի աշխատակազմից «Ազատության»-ը փոխանցեցին, որ տեղյակ չեն աճուրդի մասին:

ԴԱՀԿ-ից «Ազատության»-ն ասացին, թե հարցի շուրջ մանրամասն հաղորդագրություն կտարածեն ավելի ուշ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` «աննախադեպ» է, երբ մասնավոր սեփականության վաճառքն իրականացնում է ոչ թե մասնավոր բանկը կամ վարկային որևէ կազմակերպություն, այլ պետությունը:

«Երբ 2008 թվականի ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ ստացավ, այդ ռուսական վարկից օգտվել է նաև «Բամո» ընկերությունը, որը ստացել էր 20 մլն դոլար, եթե չեմ սխալվում: Հետագայում նաև այլ վարկեր է ստացել նաև ուրիշ կազմակերպության միջոցով, էլի ռուսական վարկերից: Ռուսական վարկը 2013 թվականին փակվեց Հայաստանի իշխանությունների կողմից: Ամենայն հավանականությամբ «Բամո» ընկերությունն այդ գումարները չի փակել», - ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Համոզված եմ, որ լրացուցիչ գումարների կարիք ունի պետությունը, դրա համար աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրը»:

Համալիրը, հիշեցնենք, գրանցված է որպես հանրապետական նշանակության հուշարձան: Համալիրի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն անհանգստացած է: Նրա խոսքով` թեև մինչև օրս նախկին սեփականատերերը հուշարձանի նշանակությունը չեն փոխել և տեսքը չեն փչացրել, պարզ չէ, թե ինչ կլինի աճուրդից հետո:

«Պարտավորությունների մեջ պետք է լինի նրա ճիշտ ֆունկցիոնալ շահագործումը, պահպանումը: Եթե ի վիճակի է այդ բոլորը կատարելու, նոր պետք է նա գնի: Թե չէ երբեմն մարդիկ գնում են, հետո իրենց քմահաճույքով սկսվում են վարվել այդ կառույցի հետ այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ բիզնեսի շահերից ելնելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատության»-ը տեղեկացրին, որ «Բամո» ընկերությանը Մարզահամերգային համալիրի շենքը օտարվել էր պայմանով, որ պետք է պահպանվեն կառույցի նշանակությունն ու գործունեության ուղղվածությունը, և այդ պայմաններն ուժի մեջ են մնալու հետագայում: