Իրատեսական, խստապահանջ, ականջալուր. Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը

Your browser doesn’t support HTML5

Այսօր խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ շեշտեց, որ այն իրատեսական է, խստապահանջ և ականջալուր:

«Իրատեսական, սակայն՝ հավակնոտ, խստապահանջ, սակայն՝ ոչ անտարբեր, և ականջալուր, սակայն իմ քաղաքական գծին հետամուտ»,- ասաց վարչապետը։

Ներկայացնելով կառավարության ծրագրային դրույթները՝ վարչապետն անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա ամբոխահաճո որակեց կուտակային համակարգի կասեցման գաղափարները՝ ընդգծելով, որ այն միևնույնն է ունենալու պարտադիր բաղադրիչ:

«Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին»,- ասաց Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ նաև գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծել, անողոք պայքարել ստվերի, ինչպես նաև զոռբայությամբ այս կամ այն գործարարի ձեռքից բիզնեսը խլելու արատավոր երևույթի դեմ:

«Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»,- ասաց նա։

Նշենք, որ կառավարության եռամյա ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել 65 հազար դրամի, իսկ աղքատությունը 35 տոկոսից կրճատել մինչև 25 տոկոս:

Իսկ թե կոնկրետ քանի աշխատատեղ է ստեղծելու Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը, անհայտ է. ծրագրում այդ մասին որևէ բան չի ասվում: Աբրահամյանն կոնկրետ թվերի բացակայությունն այսպես բացատրեց:

«Ես սուտ խոստումներ չեմ ուզում տալ։ Իմ կարծիքով՝ կառավարության գործը չէ աշխատատեղ ստեղծելը։ Կառավարության գործն է պայմաններ ստեղծելը, որ տնտեսությունը զարգանա և աշխատատեղ ստեղծվի։ Հիմա գրենք 100 հազար աշխատատեղ, գրած էր, ես դեմ եմ նման թվեր գրելուն, ինչը իրականանալի չէ»,- ասաց վարչապետը։

Կառավարության ծրագրի առաջնահերթությունները ներկայացնելուց հետո պատգամավորները Հովիկ Աբրահամյանին հարցեր ուղղեցին, մասնավորապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ թեև վարչապետը հայտարարում է, որ ականջալուր են լինելու ժողովրդի ցանկությանը, բայց կառավարության ծրագրում ֆիքսում են կուտակային պարտադիր բաղադրիչը: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիրին:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ կրկնեց իր հայտնի թեզը՝ ասելով, թե կուտակային համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

«Անկեղծ ասած, «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձև ես որևէ կերպ չեմ հասկանում, բայց հույս ունենանք, որ վերջնական լուծման արդյունքում այն կբավարարի հասարակության 80 տոկոսին»,- ասաց Զոհրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հարց տվեց, թե ինչպե՞ս կարող են հավատալ վարչապետի հավասար մրցակցություն ստեղծելու, մենաշնորհների դեմ պայքարի խոստումներին այն դեպքում, երբ նա Գագիկ Խաչատրյանին նշանակումն «սուպերնախարար», ով ըստ մամուլի հրապարակումների, բազմաթիվ բիզնեսներ ունի։

«Մենք ոնց կարո՞ղ ենք հավատալ Ձեր հռչակած նպատակների անկեղծությանը»,- հարցրեց Զուրաբյանը։

«Պարոն Զուրաբյան, հավատալ-չհավատալը Ձեր գործն է, բայց դուք դատապարտված եք հավատալու։ Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, նա շատ պրոֆեսիոնալ պաշտոնյա է։ Իսկ ինչ վերաբերում է գործարարությանը, ես ասել եմ, ևս մեկ անգամ էլ ասում եմ՝ կլինի Աբրահամյան Հովիկը, կլինի Խաչատրյան Գագիկը, Դավիթ Հարությունյանը կամ Արմեն Գևորգյանը, բոլորը պիտի հասկական, որ այս նշանակումից հետո իրենք իրավունք չունեն որևէ արտոնությունից օգտվելու։ Ես դա ասել եմ մինչև իրենց նշանակումը։ Եթե պիտի գան, շարունակեն, ազատվելու են, գնան։ Եթե այդպիսի ցանկություն ունեն, խնդրե՛մ»,- պատասխանեց վարչապետը։

Ուշագրավ է, որ նախարարների ունեցած բիզնեսների մասին մամուլի հրապարակումները կասկածի տակ դնելու համար Հովիկ Աբրահամյանը օրինակ բերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը:

««Հետքը» չէ՞ր խոսում նախկին վարչապետի օֆշորի մասին։ Բա մի հիմնավորում չունեցանք, մի իրավական հետևանք չունեցանք, մի կարծիք չեղավ, որ իրոք... այ, ես էլ մինչև հիմա չգիտեմ, այդ օֆշորը իրոք կար, թե՝ չկար։ Եթե գազի մարդը գիտի այս մասին, թող ասի, իմանանք»,- ասավ վարչապետը։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության ծրագրում խոսվում է Մաքսային և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստանում էր մինչև 2017 թվականը ավարտին հասցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: 180 աստիճանով փոխելով արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, կառավարությունն այսօր ընդամենը խոսում է Եվրամիության հետ համագործակցության նոր շրջանակ ձևավորելու մասին:

Հաշվի առնելով, որ Մաքսային միության մի շարք չինովնիկներ հայտարարել են, թե միությանն անդամակցելուց հետո Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանակետ է դրվելու, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց՝ եթե նման պահանջ դրվի, արդյոք Հայաստանը կհրաժարվի՞ այդ միությունից:

Աբրահամյանը նախկին արտգործնախարարին հորդորեց մինչև բանակցությունների ավարտը Ղարաբաղի մասին քիչ խոսել.- «Քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք, պետք է շարունակենք և եվրասիական ուղղությունը պետք է ամրապնդենք։ Հիմա քննարկումներ են գնում, և իրոք կան խնդիրներ նաև այն գործընկերների հետ, որոնք այսօր Մաքսային միության անդամ երկրներ են, բայց հունիսի վերջին տեղի կունենա նախագահների հանդիպում, և հունիսի 30-ին լինելու է վարչապետի հանդիպում Բելառուսում։ Մենք այդ հանդիպումներից հետո հաստատ հստակեցումներ կունենանք։ Ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք, որովհետև դա բխում է մեր պետության տնտեսական շահերից, նաև ինչու անվտանգության շահերից՝ Լեռնային Ղարաբաղի և այլն։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես պետք է Ձեզ խնդրեմ այդ մասին քիչ խոսել, որովհետև մեր շատ խոսելը խաթարում է մեր ընդհանուր բանակցությունները»։

Հավելենք, որ վաղը կառավարության ծրագրի շուրջ քննարկումները կշարունակվեն: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն այսօր մի նորարարության մասին հայտարարեց՝ ասելով, թե ուզում է ստեղծել վարչապետերի ակումբ, որտեղ կընդգրկվեն Հայաստանի բոլոր վարչապետերը: Ակումբում կքննարկեն երկրում ընթացող տնտեսական գործընթացները, կառավարությունն էլ հաշվի կառնի նախկին վարչապետերի փորձն ու գիտելիքները։