Հարգանքի տուրք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Տաիսը, հոգևոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են 1915-1923 թվականներին Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն։

Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և կազմակերպված քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասել է, որ 2011 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև՝ հույն և ասորի ժողովուրդների։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման», - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը։

Դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի և Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, նշել, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

Երևանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշել է, որ պետք է պահանջատեր լինել և միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար։