Միջնորդները հատեցին շփման գիծը՝ անցնելով Ադրբեջանի տարածք

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Թերթեր - Մարտակերտ ճանապարհին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղից անցել են Ադրբեջանի տարածք:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ այցի ժամանակ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հիմնականում Լաչինի և Քելբաջարի շրջաններ այցելությունների վրա:

«Մենք զրույցներ ենք անցկացրել տեղական վարչակազմերի ներկայացուցիչների և ղեկավարության հետ: Շատ հարցեր քննարկվել են զինվորականների հետ՝ զորքերի շփման գծում: Այդ գիծը անցնելը մեր գլխավոր խնդիրներից էր», - ասել է Պոպովը:

Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ իր առաքելությունը ավարտող Ժակ Ֆորը, մասնավորապես, հայտարարել է․ - «Մեր թիմի, Ֆրանսիայի և անձամբ նախագահի քաղաքականությունն է հակամարտության կողմերին ուժերի ներած չափով օգնության ցուցաբերումը: Բոլորին հաջողություն և խաղաղություն եմ մաղթում»:

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ժակ Ֆորին փոխարինելու է Մոլդովայում Ֆրանսիայի նախկին դեսպան Պիեռ Անդրիոն: