Վերնիսաժում կրակոցներ են հնչել, հինգ հոգի վիրավորվել է

Your browser doesn’t support HTML5

Այսօր կեսօրից հետո Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում է ստացել։

Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել 13.25-ի սահմաններում: Այն պահին, երբ «Ազատությունը» տեղում էր, կատարվում էր դեպքի վայրի զննություն։ Փողոցում արյան հետքեր էին, բինտ, բամբակ և առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ:

Չնայած կրակոցները հնչել են մարդաշատ վայրում՝ տասնյակ մարդկանց ներկայությամբ, այդուամենայնիվ, որևէ մեկը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասներ պատմել դեպքի և դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ասում էին՝ չեն տեսել կամ ընդհանուր իրարանցման մեջ լավ չեն հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում:

Հանցագործության վայրից մի քանի քայլ հեռավորության վրա աշխատող մարդիկ որոշ դրվագներ պատմեցին։ Ըստ մի քանի ականատեսների, որոնք չցանկացան ձայնագրվել, խնդիրն առաջել է ավտոմեքենայի կայանման պատճառով:

Ականատեսները նաև նշում էին, որ «Շտապօգնությունը» ժամանել է 40-50 րոպե ուշացումով և Վերնիսաժի աշխատողներն են առաջին օգնությունը ցուցաբերել վիրավորներին:

Դեպքի վայրում աշխատող Կենտրոնականի քննչական բաժնի առաջին բաժանմունքի պետ Էդգար Աղայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վիրավորները տեղափոխվել են Առաջին հիվանդանոց. հիմնականում կրակել են ոտքերի վրա։

«Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն կրելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, ինչպես նաև և 258 հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք գործադրվող առարկայի գործադրմամբ»,- ասաց Աղայանը.- «Տվյալ պահի դրությամբ կրակողի մասին որևէ տեղեկատվություն չկա, միջոցառումները շարունակվում են»։

Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ 5 վիրավորվածներին էլ վիրահատում են: Նրանք են՝ Վալերի Հովհաննիսյանը, Նորայր Հարությունյանը, Մյասնիկ Հայրապետյանը, Մնացական Սուքիասյանը, Ալբինա Բադալյանը։

Ընդունարանի աշխատակիցը փոխանցեց, որ բոլորը հիմնականում ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ ունեն, տուժածները վիրահատվում են, նրանց առողջական վիճակը կարելի է գնահատել միջին ծանրության։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները դեռ քննվում են, տեղեկություն չեն հաղորդում՝ արդյոք կրակողը մեկն է եղել, թե՝ մի քանիսը, մեքենայով է եղել, թե՝ ոչ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: